Հայաստանի հարուստ դատախազները

Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնատար որոշ անձինք տպավորիչ ունեցվածք են տնօրինում՝ առանձնատներ, բնակարաններ, տարբեր ընկերություններում բաժնեմասեր և այլն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել 2019-ի գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ ՍիվիլՆեթն առանձնացրել է գլխավոր դատախազության հարուստ պաշտոնյաներին։

Գագիկ Հարությունյանի որդու բաժնեմասերն ու բնակարանները

Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն է։ Երևանի կենտրոնում Հարությունյանն ունի երկու բնակարան, որոնցից մեկը գնել է 2012-ին, իսկ մյուս նվիրատվություն է ստացել 2018-ին։ Այդ նվիրատվության հետ նույն օրը Հարությունյանը Ջրվեժում հողամաս է նվեր ստացել։ 2019-ին նա նաև ավտոկայանատեղի է նվեր ստացել, իսկ մինչ այդ մի ավտոկայանատեղի էլ գնել էր 2012-ին՝ Կենտրոնի իր բնակարանի հետ միասին։

Հարությունյանը 2019-ին 2 միլիոն դրամով վաճառել է իր Lexus-ը, 16,5 միլիոն դրամի չափով փոխառոթյուն է ստացել «Արփիմեդ» ՍՊԸ-ից, որտեղ բաժնեմաս ունի (դրան դեռ կանդրադառնանք): Գլխավոր դատախազության պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 25 000 դոլար և 14 միլիոն դրամ։ Եկամուտներից 10 միլիոն դրամը գոյացել է աշխատավարձից, 15 միլիոն դրամի չափով վարկ է ստացել «Հայբիզնեսբանկից», ևս 12,5 միլիոն դրամ կազմել է «Արփիմեդ»-ի շահաբաժնից առաջացած եկամուտը։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Հարությունյանը «Արփիմեդ»-ի 3 տոկոսի բաժնետերն է։ «Արփիմեդ»-ը հայկական դեղագործական ընկերություն է, որն իր արտադրանքն արտահանում է նաև Վրաստան, Բելառուս, Ուզբեկստան, Ուկրաինա, Եմեն, Ղազախստան։ Ընդհանուր առմամբ, «Արփիմեդը» 150 դեղի արտադրութամբ է զբաղվում։ Արտակ Հարությունյանը իր բաժնեմասը ձեռք է բերել 2008-ին՝ «Արփիմեդի» հիմնադրման ժամանակ։ Ընկերության մյուս բաժնետերը քաղաքացի Վաչագան Ղազարյանն է։

Արտակ Հարությունյանի կինը՝ Աննի Հարությունյանը, ընդգրկված է տարբեր բիզնեսներում, որոնցից ամենահայտնին «Իզի փեյ» ՍՊԸ-ն է։ «Իզի փեյ»-ը վճարահաշվարկային կազմակերպություն է, որը ՀՀ տարածքում ունի 2 000 վճարային տերմինալներ, նաև էլեկտրոնային դրամապանակի ծառայություններ է մատուցում։ Հիմնվել է 2014-ին։ Ընկերության հասույթը 2018-ին կազմել է 1,9 միլիարդ դրամ։ Աննի Հարությունյանի բաժնեմասը նախկինում կազմել է 30 տոկոս, սակայն ներկայում 20 տոկոս է։ Ուշագրավ է, որ «Իզի փեյ»-ի 7 տոկոսի բաժնետերը ևս դատախազի կին է. Նարինե Նազարյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի կինն է, որը ևս իր բաժնեմասը ձեռք է բերել 2014-ին։ Նարինե Նազարյանը նաև գործարար Ֆրեդ Նազարյանի դուստրն է։ «Իզի փեյ»-ի բաժնետոմսերի մնացյալ 73 տոկոսը պատկանում է Կարինե Փաշինյանին՝ գործարար Ֆրեդ Նազարյանի կնոջը։

Բաժնետոմսերի նույն հարաբերակցությամբ Աննի Հարությունյանն ու մյուսներն անցյալ տարի հիմնել են նաև «Իզի տերմինալ» ՍՊԸ-ն, իսկ այս տարվա ընթացքում Աննի Հարությունյանը, Կարինե Փաշինյանն ու Նարինե Նազարյանը՝ յուրաքանչյուրը 33,3 տոկոս բաժնեմասով նոր ընկերություն են հիմնել՝ «Գարանտ ինկասացիա» ՍՊԸ-ն։ Ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունության ոլորտը «դրամի և թանկարժեք արտադրատեսակների» տեղափոխումն է։ Ուշագրավ է, սակայն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 18-ի նիստում «Գարանտ ինկասացիա»-ին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն է տրամադրել։ Վերը նշված երկու ընկերություններում ունեցած բաժնեմասերը Աննի Հարությունյանը չի հայտարարագրել։

Աննի Հարությունյանը 10 տոկոս բաժնեմաս է տնօրինում «Պռոբիզնես» ՍՊԸ-ում, որը զբաղվում է գազալցակայանի շահագործմամբ։ Այն գտնվում է Սևան-Երևան մայրուղու հատվածում։ «Պռոբիզնես»-ում 20 տոկոս բաժնեմաս ունի Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանը։ «Պռոբիզնեսի» 40 տոկոսի բաժնետերը Միքայել Ամյանն է, 30 տոկոս էլ ունի Սուրեն Ուլիխանյանը։

2019-ի իր հայտարարագրում Աննի Հարությունյանը հայտարարագրել է 92 միլիոն դրամի բաժնեմաս «Իզի փեյ»-ում։ Դրամական միջոցները կազմել են 22 միլիոն դրամ և 45 000 դոլար։ «Իզի փեյ»-ից Հարությունյանի շահաբաժինը կազմել է 28 միլիոն դրամ, իսկ «Պռոբիզնես» ՍՊԸ-ից՝ 500 000։

Գարեգին Իսախանյան. ընկերություններ ՀՀ-ում ու Լիտվայում

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանը ևս ընդգրկված է մի քանի ընկերություններում՝ այդ թվում արտերկրյա։ Մինչ դրան անդրադառնալը ներկայացնենք Իսախանյանի 2019-ի հայտարարագիրը։

Իսախանյանը հայտարարագրել է երկու բնակարան Արաբկիրում, մեկ ավտոտնակ, նաև՝ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ժառանգությամբ հողամաս է նվեր ստացել, ևս մեկ հողամաս Իսախանյանը նվիրատվություն է ստացել Իջևանում։

Դատախազության պաշտոնյան փոխառությամբ 541 միլիոն դրամ է տվել «Արբումրպոմ» ընկերությանը, որի բաժնետերերից է, իսկ բանկում ունի ընդհանուր առմամբ 32 միլիոն դրամի ավանդ։ Իսախանյանի դրամական միջոցները կազմում են 2,5 միլիոն ռուբլի, 100 000 դոլար և 80 000 եվրո։ Գարեգին Իսախայանն իր շահերի հայտարարագրում նշել է, որ 50 տոկոս բաժնեմաս ունի «Արբումպրոմ» ՍՊԸ-ում։ Ընկերության գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներում հասակասական տեղեկություններ կան։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը «Արբումպրոմ»-ին 2011-ին թույլ է տվել արտարժույթի առքուվաճառք իրականացնել Շենգավիթի Աերացիա 1 հասցեում։ Վարչական դատարանում «Արբումպրոմ»-ը տարիներ առաջ մի վեճ է ունեցել Պետեկամուտների կոմիտեի կազմած ակտի շուրջ։ Դրանից պարզ է դառնում, որ «Արբումպրոմ»-ը ավտոլվացման և հանրային սննդի ծառայություններ է մատուցում նշված հասցեում։ 2017-ին ՊԵԿ-ը ավելի քան 3 միլիոն դրամի հարկային պարտավորությունը կատարել չկարողանալու պատճառով դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արբումպրոմ»-ին։ Հայցը բավարարվել է։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Իսախանյանը 53 տոկոս բաժնեմաս ունի «Բար» ՍՊԸ-ում։ Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերությունը զբաղվում է շուկայի իրավիճակի ուսումնասիրությամբ ու հետազոտություններով։ Այս ընկերության մասին Իսախանյանի հայտարարագրում ոչինչ նշված չէ։

Գարեգին Իսախանյանի կինը՝ Հերմինե Իսախանյանը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հիմնել է Gintra UAB ընկերությունը, որում 80 տոկոս բաժնեմաս ունի։ Նա նաև այդ ընկերության տնօրենն է։ Gintra UAB-ի գործունեության մասին այլ տվյալներ հայտնի չեն։ Հերմինե Իսախանյանը 2019-ի ընթացքում 4 միլիոն դրամով Nissan մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել։ Նրա դրամական միջոցները կազմել են 4,5 միլիոն դրամ, 100 000 դոլար և 50 000 եվրո։

Արթուր Խաչատրյան. բնակարաններ Ռուսաստանում

Արթուր Խաչատրյանը գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանի կենտրոնում երկու բնակարանի և երկու ավտոտնակի սեփականատեր է։ 2014-ին նա շինություն է գնել Սևանում։ Խաչատրյանը մեկ բնակարան և երեք ավտոտնակ ունի Ռուսաստանի Չերյոմուշկի ավանում, նաև երեք մեքենա), որոնք ձեռք է բերել 2004, 2008 և 2010 թվականներին, նրա բանկային ավանդները կազմում են 10 000 դոլար։

Արթուր Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 50 000 դոլար և 50 000 եվրո։ Դատախազության պաշտոնյայի եկամուտներից 7 միլիոն դրամը ձևավորվել է աշխատավարձից, 2 միլիոն դրամի չափով էլ նա եկամուտ է ստացել միջպետական բանկի [չի նշվում՝ խոսքը ո՛ր միջպետական բանկի մասին է] ՀՀ ներկայացուցչությանը վարձակալությամբ գույք տրամադրելուց։

Գլխավոր դատախազի տեղակալների ունեցվածքը

Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն այդ պաշտոնին է 2015-ից։ Մինչ այդ նա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը չորս բնակարան ունի Երևանի կենտրոնում, մեկ ավտոտնակ, երկու հողամաս Ձորաղբյուրում, մեկ հողամաս Կոտայքի մարզի Արտավազ համայնքում, առանձնատուն Կոտայքի մարզի Արգել համայնքում, հասարակական նշանակության շինություն Բերդ քաղաքում։ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 48 միլիոն դրամ։

Եկամուտներից 12,5 միլիոնը առաջացել է դատախազի տեղակալի աշխատավարձից, 5,4 միլիոն դրամը՝ «Ինտեր-կլիմա» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրած տարածքի վարձավճարից, ևս 720 հազար դրամ վարձակալության դիմաց դատախազի տեղակալին է փոխանցել քաղաքացի Հակոբ Համբարձումյանը։ Արմեն Հարությունյանի կինը՝ Արուսյակ Յարմալոյանը, միայն հայտարարագրել է երկրորդ բուժմիավորումից ստացած աշխատավարձը՝ 940 000 դրամի չափով։

Գլխավոր դատախազի մյուս տեղակալը՝ Հայկ Ասլանյանը, հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան Երևանի կենտրոնում ու առանձնատուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում։ Նա 73 000 դոլարի ավանդ է ունեցել բանկում, դրամական միջոցները կազմել են 10 000 դոլար և 3,5 միլիոն դրամ։ Ասլանյանի կինը՝ Մարինա Թաթոյանը, առանձին-առանձին բանկում ունեցել է 45 000 եվրոյի, 10 000 դոլարի և 6 000 եվրոյի ավանդ։ Թաթոյանի եկամուտները գոյացել են 2,3 միլիոն դրամի չափով աշխատվարձից, 1 000 եվրոյի չափով էլ՝ տրված փոխառությունների տոկոսներից։

Թեև Թաթոյանի հայտարարագրում արտացոլված չէ, սակայն ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Թաթոյանը «Առաջին և լուրջ» ՍՊԸ-ի միակ մասնակիցն է։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լճաշենում, մատուցում է ստոմատոլոգիական պրակտիկայի ծառայություններ և, վերը նշված մի քանի ընկերությունների համեմատ, փոքր է, աշխատակազմը բաղկացած է երկու հոգուց։

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մարգար Սողոմոնյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն Արաբկիրում, ևս մեկը համասեփականատիրությամբ գնել է անցյալ տարի՝ 49 միլիոն դրամով։ Սողոմոնյանը 510 000 դրամի չափով շահաբաժին է ստացել «Արթմիք» ՍՊԸ-ից, որին պատկանում է «Ոսկե աքաղաղ» մթերային խանութը։ Սողոմոնյանն այստեղ ունեցել է 30 տոկոս բաժնեմաս, որը հանձնել է հավատարմագրային կառավարման։

Դատախազության պաշտոնյայի կինը Բելլա Մանուկյանն է՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրը։ Վերջինս հայտարարագրել է Արաբկիրում ամուսնու հետ ձեռք բերած բնակարանը, Կենտրոնում բնակարան, չորս տարբեր հողամասեր՝ երկուսը Դավթաշենում, երկուսը` Կենտրոնում։ Բոլոր հողամասերը 2019-ի ընթացքում Մանուկյանն օտարել է։ Անցյալ տարի նա ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա, բանկում ունեցել 227 միլիոն դրամի ավանդ։ Մանուկյանի եկամուտները գոյացել են՝ 2,5 միլիոն դրամի չափով «Բիզնես Արմենիա»-ում աշխատանքի վարձատրությունից, 28 միլիոն դրամի չափով՝ վարկից, 16 միլիոն դրամի գույքի օտարումից։ Բելլա Մանուկյանը քաղաքացի Անի Սողոմոնյանից ևս 48 միլիոն դրամի փոխառություն է ստացել։

Սիվիլնեթն առաջիկայում կներկայացնի նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ 2019-ին հայտարարագրած ունեցվածքը։

Գլխավոր դատախազի և նրա ընտանիքի ունեցվածքը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն՝ մեկը Աջափնյակում, մյուսը Շիրակի մարզի Հոռոմ համայնքում, որը Դավթյանի ծննդավայրն է։ Գլխավոր դատախազը Հոռոմում ունի նաև երկու հողամաս։ Նրա դրամական միջոցները կազմել են 6,7 միլիոն դրամ։ Դավթյանի եկամուտները կազմել են 16 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, 2,6 միլիոն դրամ գլխավոր դատախազը ստացել է ՊԵԿ-ից, որը հավանաբար 2017-ին ձեռք բերած առանձնատան հիփոթեքային վարկի մարումների եկամտահարկի վերադարձն է, և 44,000 դրամ՝ ԵՊՀ-ից։

Արթուր Դավթյանի կինը՝ Անի Դավթյանը, հայտարարագրել է հինգ հողամաս Հոռոմում, բոլորը՝ համատեղ սեփականությամբ։ Նրա դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ, իսկ տարվա եկամուտը 755 000 դրամի չափով գոյացել է ԵՊՀ-ից։

Դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, 2019-ին 10 միլիոն դրամով գնել է Lexus մակնիշի մեքենա։ Մինչ այդ նա ուներ Hyundai և GAZ մակնիշի մեքենաներ և ZIL բեռնատար։ Սարգիս Դավթյանի դրամական միջոցները կազմել են 3,8 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազի հոր եկամուտները գոյացել են «Այբիէմթի լոգիստիկ։ ՍՊԸ-ից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն դրամի չափով, ևս 3,2 միլիոն դրամի «այլ եկամուտներ» է Դավթյանը հայտարարագրել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել