Սերժ Սարգսյանի և Արայիկ Հարությունյանի հրապարակային փոխհրաձգության պատճառները

Վերջին օրերին հայկական տեղեկատվական դաշտում բավականին ուշագրավ և արտառոց իրադարձություն տեղի ունեցավ, որը սակայն ստվերվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումներով: Մենք ականատես եղանք ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հրապարակային ընդհարման, որին մասնակցում էին նաև նրանց թիմակիցները: Ամեն ինչ սկսվեց հունիսի 19-ին, երբ Արայիկ Հարությունյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության տաղավարում, պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Հարությունյանը, կարևորելով վերջին տարիներին բանակում իրանացված բարեփոխումները, ավելացրեց, որ այսօր ոչ միայն Ստեփանակերտի, այլև ամբողջ Արցախի օդն է պաշտպանված:

Այդ հարցազրույցի հաջորդ օրը Արայիկ Հարությունյանի հայտարարությանը անսպասելիորեն արձագանքեց անձամբ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով News.am-ի հարցին` նա մասնավորապես նշեց. «Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել»: Սարգսյանը ակնարկում էր նաև, որ Հարությունյանը անցնում է տրամաբանության ու բարոյականության սահմանը:

Սերժ Սարգսյանի արձագանքը ազդակ դարձավ Հանրապետական կուսակցության մյուս անդամների համար, որ նրանք ևս միանան Հարությունյանի դեմ հրապարակային արշավին: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի այդ փոքր հարցազրույցից հետո իր ֆեյսբուքյան էջում Արայիկ Հարությունյանի վերաբերյալ մի շարք գրառումներ կատարեց՝ ակնարկելով, որ վերջինս հոգով Նիկոլ Փաշինյանի մարզպետն է և զոհաբերում է իր կյանքի պատվաբեր անցյալը «հանուն կամովին ստանձնվող անպատվաբեր ներկայի»:

ՀՀԿ ԳՄ մեկ այլ անդամ Էդուարդ Շարմազանովի պատասխանը ավելի կոշտ էր: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Սերժ Սարգսյանի և Արայիկ Հարությունյանի նկարները ու հետևյալ գրառումը կատարեց. «30 արծաթի դիմաց ուրացողները՝ մեր օրերում: Այսօր իր հրամանատարին ուրացողը վաղն ո՞ւմ է ուրանալու»: Շարմազանովը իր գրառումը ավարտեց` ցիտելով Հրանտ Մաթևոսյանին. «Մարդն ու անասունը տարբերվում են հիշողությամբ»:

Արայիկ Հարությունյանի ճամբարից Սերժ Սարգսյանի հարցազրույցին և մյուս հանրապետականների գրառումներին հիմնականում արձագանքում էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: Նրա ֆեյսբուքյան գրառումները շատ ավելի մեղմ էին և արդարանալու փորձեր էին հիշեցնում: Տպավորություն էր, որ նա չէր ցանկանում է՛լ ավելի սրել իրավիճակը: Իր հասցեին հնչեցված մեղադրանքներին մի քանի օր հետո պատասխանեց նաև Արայիկ Հարությունյանը: Նա հունիսի 22-ին, ակնհայտորեն պատասխանելով Շարմազանովի մեղադրանքին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց պատերազմի ժամանակ իր գումարտակի հրամանատարների նկարը և գրեց, որ ինքը երբևէ ոչ մի մարտական հրամանատարի և ընկերոջ չի մոռացել: Հարությունյանը նաև կոչ արեց վերջ տալ անիմաստ շահարկումներին և նշեց, որ բանակը ինքնահաստատման տեղ չէ:

Հրապարակային այս փոխհրաձգության պատճառները մի քանիսն են: Արայիկ Հարությունյանը հետընտրական շրջանում ջանքեր չի խնայում, որպեսզի ապացուցի իր լոյալությունը Նիկոլ Փաշինյանին: Հատկապես այս փուլում Հարությունյանը Հայաստանի իշխանությունների աջակցության կարիքը ունի: Անխուսափելի տնտեսական ճգնաժամի պայմաններում նախընտրական խոստումների գոնե մի մասը իրագործելու համար նա փորձելու է Երևանից հավելյալ միջոցներ ստանալ: Այդ է պատճառը, որ Արայիկ Հարությունյանը ընտրություններից հետո փոխել է բոլորին սիրաշահելու իր երկարամյա մարտավարությունը և այժմ սիրաշահում է միայն Նիկոլ Փաշինյանին:

Սերժ Սարգսյանի հետ այս հրապարակային ընդհարումից շաբաթներ առաջ Արցախում կասեցվել էր 5-րդ ալիքի հեռարձակումը: Հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված շրջանակներին և ակտիվ քարոզչություն է իրականացնում Փաշինյանի կառավարության դեմ: Արայիկ Հարությունյանի թիմակիցները հավաստիացնում էին, որ հեռուստաընկերության հեռարձակման կասեցման պատճառները տեխնիկական են: Սակայն, երբ իրենց նշած տեխնիկական խնդիրները լուծվեցին, որոշում կայացվեց 5-րդ ալիքը հանել Արցախի ողջ բնակչությանը հասանելի սոցիալական փաթեթից: Հարությունյանի երևանյան դաշնակիցները այս որոշումը մեծ ոգևորությամբ ներկայացրեցին որպես հեղափոխական քայլ:

Արայիկ Հարությունյանի հայտարարությանը Սերժ Սարգսյանի և մյուս հանրապետականների կոշտ արձագանքի պատճառները ևս հասկանալի են: Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանի համար չափազանց ցավոտ թեմա է: Այն, փաստորեն, մի կետ է, որից հետո խզվել էր իշխանությունների և հասարակության մի մասի միջև կնքված հոբսյան սոցիալական պայմանագիրը: Ապրիլյան պատերազմը վստահաբար կարելի է Սերժ Սարգսյանի իշխանության վերջի սկզբնակետը համարել: Պատահական չէ, որ Սարգսյանի քաղաքական և քարոզչական թիմերը 2016 թվականից սկսած փորձում էին հասարակությանը համոզել, որ Հայաստանը Ապրիլյան պատերազմում հաղթանակ էր տարել: Այդ նպատակի համար ժամանակին նույնիսկ դավադրապաշտական տեսություններ էին հորինվում: Այս մասին վերջերս ուղիղ տեքստով հայտարարել էր նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` նշելով, որ նրանք այդպես էլ չկարողացան համոզել հասարակությանը, որ 2016 թվականին Հայաստանը հաղթանակ էր տարել:

Արայիկ Հարությունյանի վերոնշյալ հայտարարությունը լուրջ հարված էր այդ նարատիվին: Ու զարմանալի չէ, որ դրան հետևեց այդպիսի կոշտ և հուզական արձագանք:

Սակայն նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` տեղի ունեցած հրապարակային ընդհարումը բացառիկ էր իր բնույթով: Տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունները հետապնդում էին Արցախի սակրալիզացիայի և Արցախի քաղաքական կյանքի անվտանգայնացման քաղաքականություն: ԼՂՀ իշխանություններին քննադատող գործիչները մեղադրվում էին Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու ու Արցախի միջազգային իմիջին վնաս հասցնելու մեջ: Այդ է պատճառը, որ անգամ հայաստանյան ընդդիմադիր ուժերն ու գործիչներն էին մշտապես խուսափում քննադատության ենթարկել ԼՂՀ իշխանություններին: Վերջիններս գտնվում էին անձեռնմխելիների կարգավիճակում և շատ հաճախ օգտվում էին այդ հանգամանքից:

Հայաստանյան քաղաքական որևէ խոշոր ուժի ներկայացուցիչ երբևէ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ այնպիսի կոշտ բառապաշար չէր օգտագործել, ինչպիսին օգտագործեցին Աշոտյանն ու Շարմազանովը: Ինչպես տեսնում ենք, քաղաքական նպատակահարմարությունը երկրորդ պլան է մղել այն քարոզչական կլիշեները, որոնք հանրապետականները օգտագործում էին իրենց իշխանության տարիներին քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար:

Փաստորեն, «Ադրբեջանի ջրաղացին այժմ կարելի է ջուր լցնել»:

Մեկնաբանել