9 հունվար, 2015 14:08

Փարիզի ահաբեկչության կասկածյալները պատանդ են վերցրել

dammmarten_policeՔուաշի եղբայրները, որոնք ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության վրա հարձակման գլխավոր կասկածյալներն են, պատանդ են վերցրել Փարիզից 35 կմ հեռավորության վրա գտնվող Դամարտեն ան Գոել քաղաքում, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին:

Ըստ որոշ ֆրանսիական լրատվամիջոցների տվյալների՝ պատանդները մի քանիսն են:Ֆրանսիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունները:

Ներկայում իրավապահ մարմինները հետապնդում են ավտոմեքենան, որը զինված տղամարդիկ առևանգել են մի կնոջից: Վերջինս լուսանկարներով ճանաչել է չարագործներին:

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, Charlie Hebdo-ի ահաբեկչության կասկածյալներին վնասազերծելու ընթացքում ոստիկանների ու հանցագործների միջև փոխհրաձգության հետւանքով սպանվել է 2, վիրավորվել 20 մարդ:

Հունվարի 7-ին անհայտ անձինք ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել էին հեռանալ, վրաերթի էին ենթարկել անցորդների:

Հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը:

Ֆրանսիայի ոստիկանությունը Charlie Hebdo-ի վրա հարձակման մասնակիցների որոնման գործողության շրջանակում ձերբակալել է ինը մարդու, որոնք բարեկամական կապեր ունեն հարձակման երկու կասկածյալների հետ կամ ճանաչում են նրանց:

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել էր պարբերականի վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձանց՝ Քուաշի եղբայրների լուսանկարները:

Հունվարի 8-ը Ֆրանսիայում հայտարարվել էր սգո օր` ի հիշատակ ահաբեկչության զոհերի: