12 հունվար, 2015 16:02

Charlie Hebdo-ի ծաղրանկարները. Թուրքիա և հայեր

Հունվարի 7-ին ահաբեկիչներն ինքնաձիգով և նռնակով ներխուժել էին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել 12 մարդու։  Ահաբեկչության պատճառը թերևս այն է, որ ամսագիրը կրոնական թեմաներով ծաղրանկարներ էր հրապարակում, այդ թվում՝ նաև Մուհամեդ Մարգարեին նվիրված:

Պարբերականի աշխատակիցների սպանությունը մեծ արձագանք ունեցավ աշխարհում, աշխարհի չորս ծագերից մարդիկ իրենց համերաշխությունն էին հայտնում Ֆրանսիային: Ֆրանսիական պարբերականի վրա հարձակումը որակվեց որպես խոսքի ազատության դեմ հարձակում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս մեկնեց Փարիզ՝ իր համերաշխությունը հայտնելու Ֆրանսիային և նրա ժողովրդին: Թուրքիայում բողոքի ձայներ լսվեցին Դավութօղլուի ու գործող վարչակարգի դեմ. մամուլի հրապարակումներում ասվում էր, որ խոսքի ազատությունը ճնշողներն իրավունք չունեն մասնակցել այդ ցույցին:

Երգիծական պարբերականը  հաճախ էր անդրադառնում Թուրքիային, ծաղրում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Charlie Hebdo-ն ծաղրանկարներ է հրապարակել նաև հայ-թուրքական թեմայով: Դրանից մի քանիսը «Ակօս» շաբաթաթերթում առանձնացրել է լրագրող Սերդար Քորուջուն:

Ծաղրանկարը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը սահմանում էր մեկ տարվա ազատազրկում և 45 հազ. եվրո տուգանք: Ֆրանսիայի սահմանադրական դատարանը հետագայում այս օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց: Charlie Hebdo-ն այս թեմայով ծաղրանկարը հրապարակել է 2011թ. դեկտեմբերի 28-ին:

Նկար Ա. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Թուրքերի պատասխանը: Ծաղրանկարում էրդողանն ասում է. «Մենք այլևս Ֆրանսիայից չենք գնի այն զենքը, որով կոտորում ենք քրդերին»:

1

Charlie Hebdo-ի ուշադրությունից չէր վրիպել 2011թ. դեկտեմբերի 28-ին Թուրքիայում Ռոբոսկի բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունը, երբ թուրքական զինուժի հարձակումից մահացավ 34 քուրդ, որոնցից 17-ը՝ երեխա: 2012թ. հունվարի 4-ին հրապարկված ծաղրանկարի վերնագիրն էր՝ «Թուրքական բանակը սպանել է 35 քուրդ գյուղացու»:

Ծաղրանկարում պատկերված քուրդ ծերունին, ակնարկելով Հայոց ցեղասպանությունը, ասում է. Նկար Բ. «Մի բան սխալ է եղել, մեզ հայերի հետ են խառնել»:

2 2013թ. ամբողջ Թուրքիայում բռնկվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն Ստամբուլի Գեզի այգու: Charlie Hebdo-ն կրկին իրադարձությունները կապում է Հայոց ցեղասպանության հետ: Ծաղրանկարում Էրդողանը, ցույց տալով ցուցարարներին, ոստիկաններին հրամայում է.

Նկար Գ. «Կարող եք կրակել, պատկերացրեք՝ ձեր դեմ հայերն են կանգնած»:

3

 

Այս հղումով կարող եք կարդալ, թե թուրքական մամուլը ինչպես է մեկնաբանում Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը` http://civilnet.am/2015/01/08/charlie-hebdo-islam-terror-turkey-ozinian/#.VLOWlNKUd-w