12 հունվար, 2015 22:35

Հին տոմարով էլ արդեն վերջացավ, վերադարձեք ձեր աթոռներին

MHM92587Գյումրիում սպանդ եղավ: Սպանդի զոհ դարձավ գյումրեցի մի մեծ ընտանիք: Քնած մանուկներ, կանայք, տղամարդիկ: Հանցագործը չի գտնվում: Ոչինչ պարզ չէ, բացի ռուս զինվորի զենքից ու հագուստից: Մի կարևոր հարց ունեի. «Արդյոք ռազմական ոստիկանությունն իրավունք ունի՞ մտնելու ռուսական ռազմակայան և հետախուզվող ռուսական զինվորին փնտրելու հենց ռազմակայանում, քանի որ ոչ ոք չի հերքել նույնիսկ, թե նա հենց ռուսական ռազմակայանում չի թաքնված»:

Ասում են իմաստ էլ չկա, քանի որ ռուսական ռազմակայանի տարածքն այնքան մեծ է ու այնքան նկուղներով ու բունկերներով լիքը, որ մի հոգի թաքցնելը դժվարություն չէ: Խայտառակ վիճակ, իհարկե:

Սգավորը միշտ ինչ-որ արտոնություններ է ստանում անկախ որևէ մեկից ու իրենից անկախ: Այս պահին սգավորը Հայաստանի Հանրապետությունն է: Գյումրիի մի աշխատավոր ընտանիք, ըստ նախնական վարկածի, ռուս զինվորականի ձեռքով սպանդի է ենթարկվել. մեր երկրի համարձակությունն էլի չի  ներում պատիվ պահանջել՝ գոնե սգավորին հասանելիք ու սգավորին տրվող ժամանակավոր իրավունքով: Էլի կիսաձայն, խեղճ, անկորով  ու որկրամոլ տասնօրյակի չավարտված բերկրանքի պատճառած բութ հաճույքը դեմքի փոխարինիչներին  դրոշմած՝ ի պաշտոնե տող կամ մի քանի նախադասություն ու էլ ոչինչ: Մի անգամ պատիվ պահանջեք, ձեր որկորից էլ թող տղամարդու հուժկու մի ձայն դուրս գա, մի անգամ ասեք «դե հերիք եղավ»: Ինչ ափսոս ենք, ինչ ափսոս…

Ռուսական դեսպանությունը ցավակցություն է հայտնել: Վերջ: Տգեղ օրիորդի նման հալվել ու ավելին չեք սպասում կյանքից. էսքանն էլ լիուլի էր: Հարց տվեք: Հարցրեք: Թափահարեք  ռուսական ռազմակայանը, պատիվ պահանջեք, դիրք ընդունեք՝ ձեր հայրենակից ընտանիք է սպանվել խաղաղ գիշերվա մեջ, երբ դուք երևի նոր տարվա վերջին գաստրոնոմիական «դվայնոյ ակսել» էիք անում:

Արտգործնախարար Նալբանդյանը Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել, ու Լավրովն ասել է՝ «լավ կլինի»: Ես այնպես պատկերացրի Նալբանդյանի «զուսպ ու կտրիճ» հնչերանգը մի անկախ երկրի արտաքին գործերի կառավարիչ որպես, որ ավելի լավ կլիներ չզանգեր կամ մյուսը հեռախոսը վերցրած չլիներ, որովհետև դա ավելի մոտ է իրականությանը: Լավ է, որ Ֆեյսբուքում ստատուս չի գրել արտգործնախարարը, իսկ Լավրովը՝ լայքել:

Չկա: Առանցք չկա: Ոչինչ չկա: Եթե ռուս զինվորը գիշերով դուրս է եկել, ու ռազմակայանում չեն իմացել՝ պիտի պատասխան տան: Եթե ռուս զինվորը դուրս է եկել ու իմացել են՝ պետք է պատասխան տան: Եթե ռուս զինվորը գիշերով դուրս է եկել ու իմացել են ու չեն հայտնել, ուրեմն մեղմ ասած՝ որևէ կենդանու տեղ չեն դնում այս անկախ և մաքսային մտած իրավահավասար պետության ողջ իշխանական վերնախավին, պետությանը, մարդկանց ՝ոչ մեկին: Նույնիսկ ռուս զինվորի մասին ռուսական ռազմակայանի պաշտոնական հայտարարություն չկա: Իսկ այսպիսի դեպքերում իշխանությունն ասում է՝ «ես անզոր եմ, ինձ բաց թողեք, ես գնամ», ու գնում է՝ հնարավորին չափ հեռու…

Միայն չասեք՝ «ես Սերյոժա Ավետիսյան եմ» կամ «մենք բոլորս Ավետիսյան ենք». չէ էլի, մինչև դա շաաատ ուրիշ բաներ կան անելու…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: