13 հունվար, 2015 13:36

Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ

0xcaNCcDDQhh9Y4siilHo3MOmLՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին Գյումրիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս պաշտպանության նախարարին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Բախինը տեղեկացրել է շարքային Վալերի Պերմյակովի ձերբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ` հարուցված քրեական գործի շրջանակներում: Սեյրան Օհանյանը հորդորել է շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

Ոստիկանությունում հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հունվարի 13-ի գիշերը հայտնաբերվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս:

Պերմյակովը արդեն հարցաքննվել է  և գտնվում է ռուսական ռազմաբազայում: