13 հունվար, 2015 13:18

Քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ հովվի սպանության դեպքի առթիվ

investigation-committee1Հունվարի 11-ին ադրբեջանական կողմից Տավուշի ուղղությամբ իրականացված դիվերսիոն փորձի հետևանքով զոհված 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանի սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառթիով։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սերյոժա Սարգսյանի դին հայտնաբերվել է «Մաների ձոր» կոչվող հանդամասում՝ աջ քունքային շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով։