21 հունվար, 2015 16:40

Ծաղկեպսակ ու հեռագիր` Երևանից Գյումրի

MHM92694

Երևանից Գյումրի հրեշավոր ողբերգության առթիվ` ծաղկեպսակ ու հեռագիր: Երևանից Գյումրի ոտքով կարելի էր հասնել: Չհասաք: Վախենում եք: Ճիշտ եք անում այս անգամ: Պրոտոկոլային....

Պրոտոկոլային այլանդակությունը փոխարինվեց այլանդակության՝ առանց պրոտոկոլի: Սպասում եք մինչև անցնի:

Այս օրերին մենք կամ մեզնից շատերը կատարեցին իշխանության, ոստիկանության, նախագահի դեր. նրանք  չկային։

Մենք մեզ կոչ էինք անում, հետո տեսնում էինք, որ շատ սրվեց, հանդարտեցնում էինք, մեզ վեր էինք լուծում, մեզ համախմբում, ինքներս մեզ հոգևորական էինք դարձել, թաղում էինք կազմակերպում, այլ երկրի դեմ արժանապատվության պահանջ էինք ներկայացնում, արտգործնախարար էինք դարձել ու պատկերացնում եք՝ էս բոլորն առանց պետական որևէ միջամտության: Ավելին՝ դիմակայում էինք ոստիկանական բռնությանը, որոնք ոսոխին ոչնչացնելու կատաղությամբ քաջարի մարտեր էին մղում տասնյոթ-քսան տարեկան տղաների ու աղջիկների դեմ Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բակում: Սա էլ իրենց խրամատն է:

Ամեն, ամեն ինչ կարողանում ենք փաստորեն: Մենք արդեն պետություն ենք, բայց՝ չճանաչված դեռ:

Նրանք, ում գործը մենք անում ենք հունվարի 12-ից, չկան:

Ու հիմա մեր կոնկրետ պահաջներից մեկի մասին եմ մտածում՝ մարդասպանին  Հայաստանի իրավապահներին հանձնելու ու իրականությունը բացահայտելու  պահանջի մասին եմ մտածում ու հայտնաբերում. կասե՞ք՝ ինչ ասեն մեր իրավապահները, որ մենք ասենք՝ «այո, սա էր իրական պատճառը»: Մենք նրանց արդեն անվերադարձ չենք հավատում, որովհետև…… նրանց հավատալ էլ չի լինելու: Ինչ էլ նրանք ասեն մեզ, մենք չենք հավատալու: Մենք նրանց չունենք:

Ոստիկաններն ու հատուկ ջոկատները էդ ո՞ւմ են բռնում, եթե մենք ենք պետությունն արդեն, մենք ենք նախագահը, մենք ենք իշխանությունը, մենք ենք արտգործնախարարը: Նախագահին են ձերրբակալում, նախարարին։

Եվ ով էր տեսել վերջապես՝ սուգ անելու թույլտվություն պահանջվի: Չեմ հիշում այսպիսի բան Հայաստանում: Սուգը արարողակարգ էր պահանջում, իսկ դա հակասում է ռուս-հայկական դարավոր այլասերված հարաբերություններին ու անառողջ հավատարմությանը: Սուգ հայտարարելը դարձավ պատվի հարց: Այս մեկը չէինք տեսել:

Ձեր հանդեպ կուտակված անվստահությունն արդեն այնքան մեծ է, որ հեղափոխություն էլ պետք չի լինելու: Դուք սպառված եք:

Բերման ենթարկեք տասնյոթ-քսան տարեկան տղաներին ու աղջիկներին, հետո՞: Հետոն արդեն եկել է: Դուք չեղաք ձեր ժողովրդի կողքին այլանդակ վշտի օրերին: Չէիք կարող լինել: Դուք այս «պարն» արդեն խոստացել էիք ուրիշի: Մենք դարձանք մեր նախագահը, նախարարը, կաթողիկոսը: Այսպես պատահեց նաև 88-ին, մեզնից անկախ մեկ էլ հայտնաբերեցինք, որ արդեն պետություն ենք ստեղծել նոր ու հներին էլ չենք ենթարկվում: Ինչու ժողովրդական ինքնակազմակերպված սուգ կարող է լինել, իսկ ժողովրդական ինքնակազմակերպված նախագահ կամ պետություն՝ ո՞չ:

Ու եթե մենք կասկածում էինք, որ մի բան այն չէ  այս պատմության մեջ, դուք ձեր բացակայությամբ հաստատեցիք…

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: