26 հունվար, 2015 14:04

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները` կրկին կառավարության շենքի դիմաց

MHM92884 copyՓոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները` մի քանի հարյուր մարդ, հունվարի 26-ին բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց:

Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:

Ցուցարարները պահանջում են, որ Հովիկ Աբրահամյանն իջնի, հանդիպի ժողովրդի հետ և խոստանա, որ օրենքը փետրվարի 1-ից ուժի մեջ չի մտնելու: Նրանք նշում են, որ այս օրենքը մեծացնում է կոռուպցիայի ռիսկը և հնարավորություն է տալիս հարկային մարմնին ցանկացած պահի գալ և պահանջել գյուքագրում իրականացնել, և եթե որևէ ապրանքի անուն սխալ գրված լինի, իրենք կտուգանվեն: Ցուցարարների խոսքով` նման ցանկացած գործընթաց վնասելու է իրենց բիզնեսին և արդեն վնասել է:

Սիվիլնեթի հետ զրույցում նրանք նշեցին, որ այս օրենքի նպատակը փոքր և միջին բիզնեսը ոչնչացնելն է: «Խոշոր բիզնեսն աշխատում է հարկային դաշտից դուրս, իրենք այդ մասին շատ լավ գիտեն, որովհետև հենց իրենք են այդ խոշոր բիզսնեսի ներկայացուցիչները»,- ասացին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Վերջիններս նշեցին, որ եթե փետրվարի 1-ից օրենքը սկսի գործել, իրենք կփակեն իրենց բիզնեսը, որովհետև չունենալով շահույթ` չեն կարող վճարել ո´չ հարկ, ո´չ տեղի վարձ, ո´չ էլ կկարողանան ապրանք բերել ու վաճառել:

Ցուցարարների խոսքով` իրենք այս պահին դեռ չեն պահանջում վարչապետի և իշխանության որևէ այլ ներկայացուցչի հրաժարականը, քանի որ հույս չունեն, որ նրանք խաղաղ ճանապարհով կթողնեն իրենց աթոռները:

«Նախորդ անգամ խաղաղ ցույցին բերեցին «Օմոնին» լցրեցին, վախեցրին: Այստեղ հավաքվածներս ունենք ընտանիք, երեխաներ և չենք կարող գնալ նրանց հետ առճակատման, որովհետև նրանք ոչ մի բանի դեմ չեն կանգնելու»,- ասացին նրանք:

Ձեռնարկատերերը օրենքի կիրարկման դեպքում խնդրի միակ լուծում են համարում բիզնեսը փակելը և երկրից արտագաղթելը:

Ավելի ուշ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ցուցարարների մոտ իջավ, առաջարկեց նրանց 20-հոգանոց պատվիրակությամբ բարձրանալ Հովիկ Աբրահամյանի մոտ` բանակցություններրի: Ցուցարարները, սակայն, մերժեցին առաջարկը:

***

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը: