29 հունվար, 2015 17:45

Կընդունվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր

9751Հունվարի 29-ին սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, այսօրվա նիստում նախատեսվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել Հայաստանի պետական բոլոր մարմինները, Հայ առաքելական եկեղեցին` իր բոլոր նվիրապետական աթոռներով, Սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:

Հանձնաժողովում հաստատվելուց հետո հռչակագիրը կհրապարակվի յոթ լեզուներով` նաև արևմտահայերեն:

Հունվարի 29-ին նաև կգործարկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունից բացի` կայքում տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին, բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում կհնչի զանգերի ղողանջ և գուժկանի 100 հարված, դրանից անմիջապես հետո կհայտարարվի լռության րոպե:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում:

Հունվարի 29-ի քննարկման առանցքային հարցերից է նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեի ներկայացրած հայեցակարգի համաձայն՝ միջոցառումները պայմանականորեն կբաժանվեն չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների` հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ:

armenian-genocide-centennial-session