29 հունվար, 2015 18:34

Վրաստանը պետք է աջակցի Ուկրաինային. Իվանիշվիլի

1422525152_bidzina-3-2-9-janՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա, և դրանք անցանկալի են, սակայն  որևէ բան բացառել պետք չէ: Այս մասին նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել  հունվարի 28-ին, փոխանցում է civil.ge-ն: Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև Ուկրաինայի, Ռուսաստանի հետ հարաբերությունների և մի շարք այլ հարցերի մասին:

Իվանիշվիլին հայտարարել է,  որ Վրաստանի կառավարությունը շատ արդյունավետ է աշխատում, և «չկա որևէ բան, որը կսպառնար վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին»:

Հնարավոր արտահերթ խորհդարանական ընտրությունների մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ «ինքը դա չէր ցանկանա»:

Նրա խոսքով՝ Վրաստանի հանրությունը «պետք է սովորի ապրել օրենքի շրջանակում»: Խորհրդարանական հերթական ընտրությունները Վրաստանում 2016-ի հոկտեմբերին են:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ Իվանիշվիլին նշել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ստեղծում ամբողջ Եվրոպայի համար, և Վրաստանը պետք է աջակցի Ուկրաինային, «սակայն պետք է ճիշտ դիրք գրավի այդ գործընթացում»:

«Ընդհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, աղետ է: Այն, ինչ անում է Ռուսաստանը, խնդիր է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև  ամբողջ աշխարհի համար, և մենք փոքր դերակատարում ունենք այդ գործըթնացներում»,- ասել է Իվանիշվիլին: Նա նշել է, որ չկա անհրաժեշտություն, որպեսզի Վրաստանի իշխանությունները վերանայեն «իրենց կառուցողական» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

Նախկին վարչապետի խոսքով ՝ իր երկիրը պետք է մշտապես շարունակի ճանապարհը դեպի Եվրոպա և եվրոպական արժեքներ:

Նա հերքել է, թե ինքը երկիրը կառավարում է հետնաբեմից և հայտարարել, որ որևէ մեկը չի կարող իրեն արգելել խորհուրդներ տալ կառավարությանը՝ հանրային և մասնավոր:

Նա նշել է նաև, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը փորձում է ապակայունացնել երկիրը, սակայն դրա համար հիմքեր չկան:

Իվանիշվիլին տեղեկացրել է, որ ակտիվորեն մասնակցելու է իր որդուն պատկանող հեռուստատեսությամբ հեռարձակվող վերլուծական հաղորդմանը, որը եթեր դուրս կգա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

***

Իվանիշվիլին վարչապետի պաշտոնից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Հեռանալիս նա ասել էր, որ լքում է քաղաքականությունը և լինելու է ակտիվ քաղաքացի: 2014թ. սկզբին հիմնել է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպությունը: