29 հունվար, 2015 17:46

Պիտի կարողանանք կիսել նաև մյուսների ողբերգությունը. Իսրայելի նախագահը՝ ցեղասպանության մասին

«Այլևս երբե՛ք»՝ սա էր Ռիվլինի ուղերձը հավաքվածներին: «Այլևս երբե՛ք»՝ սա էր Ռիվլինի ուղերձը հավաքվածներին:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին - ՍիվիլՆեթ], խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով: «Այլևս երբեք»՝ սա էր Ռեուվեն Ռիվլինի կոչը հավաքվածներին:

«1915թ., երբ տեղի էր ունենում հայ ազգի սպանդը, «Նիլիի» [Առաջին աշխարհամարտի ժամանակ Պաղեստինում հրեական լրտեսական ցանց - ՍիվիլՆեթ] առաջատար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը, գրել էր հետևյալը, մեջբերում եմ. «Ինձ անհանգստացնում է հարցը՝ ո՞վ է լինելու հաջորդը: Երբ քայլում էի դեպի Երուսաղեմ տանող օրհնյալ և սուրբ հողերով, ինքս ինձ հարցնում էի՝ արդյոք ապրում ենք արդի ժամանակներո՞ւմ՝ 1915-ո՞ւմ, թե՞ Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակ: Ես նաև ինքս ինձ հարցնում էի՝ արդյոք իրավունք ունե՞մ ողբալու միայն իմ ժողովրդի ողբերգությունը»»,- ասել է Ռիվլինն ու հիշեցրել, որ Ֆայնբերգն այդ ամենը գրել էր ուղիղ հարյուր տարի առաջ՝ տատանումների ու ժխտման հարյուր տարի:

«Սակայն այն ժամանակվա Իսրայել հողում, Երուսաղեմում, որում ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած ցեղասպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները և իմ ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայ փախստականների՝ սովալլուկ, աղետից մազապուրծ եղած և կարեկցանքի արժանի: Նրանք ապաստան գտան Երուսաղեմում, և նրանց սերունդները շարունակում են մինչև օրս այնտեղ ապրել, - հիշել է Ռիվլինն ու շարունակել, - այդ ժամանակ հնչող երկու հարցերն էին՝ ո՞վ է հաջորդը, և արդյոք հրեաները կկիսե՞ն նաև մյուսների ողբերգությունը»:

Ըստ Իսրայելի ղեկավարի՝ առաջին հարցին պատասխանեց պատմությունը՝ մոտ երկու տասնամյակ անց. հաջորդը հրեաների հերթն էր:

Ֆայնբերգի երկրորդ հարցի պատասխանի մասին խոսելով՝ Ռիվլինն անում է հետևյալ հարցադրումը. «Արդյոք մենք կողբանք, մեզանից յուրաքանչյուրը կողբա միայն ի՞ր ազգի հետ կատարվածը, թե՞ կկարողանանք կիսել նաև մյուսների ողբերգությունը»: Այս հարցը դեռ անպատասխան է մնում՝ ըստ Իսրայելի նախագահի: Ու թեև նա կարծում է, որ Հոլոքոստն իր մասշտաբներով ու վայրագության աստիճանով մարդկության պատմության մեջ չունի համարժեքը, այդուհանդերձ, ազգերի ու համայնքների դեմ ցեղասպանությունը Նացիստական Գերմանիայում չէր սկիզբ առել:

Իր ելույթում Իսրայելի նախագահը հիշատակել է քրիստոնյաների, եզդիների, քրդերի դեմ կատարված բռնությունները: Խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ցեղասպանության դեմ պայքարի մասին, Ռեուվեն Ռիվլինն այն ոչ արդյունավետ է որակել ու այդ համատեքստում որպես օրինակ բերել Խոջալուում, Բոսնիայում, Սիրիայում տեղի ունեցածը: