4 փետրվար, 2015 16:37

Ստամբուլի հայկական գերեզմանատունը վերադարձվել է հայերին

yh Շիշլիի գերեզմանատուն

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության իրավունքը վերադարձրել է Բեյօղլուի «Երեք խորան» հայկական եկեղեցու հիմնադրամին: Այս մասին հաղորդում է «Ակօսը»՝ ծանուցելով, որ Շիշլիի գերեզմանատունը 1930թ. ընդունված օրենքով  փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին և գտնվում էր նրա ենթակայության տակ:

Սեփականության իրավունքը վերադարձնելու նպատակով հայկական հիմնադրամը 2011թ. դիմել էր Թուրքիայի հիմնադրամների վարչություն, որն էլ դրական որոշում է կայացել և 41,950 քմ տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը հանձնել հիմնադրամին: Ստամբուլի կենտրոնում գտնվող Շիշլիի հայկական գերեզմանոցի  արժեքը շուրջ 750 մլն թուրքական լիրա է:

Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Սիմոն Չեքմենը հայտարարել է, որ իրենք շատ ուրախ են հայկական գերեզմանատան վերադարձի կապակցությամբ:

Օսմանյան կայսրության պաշտոնական հրովարտակով 1830թ. այդ տարածքը հանձնվել էր  քաղաքի հայերին, որոնք այն սկսել էին օգտագործել որպես գերեզմանոց: Սակայն  հանրապետական Թուրքիայի առաջին տարիներին՝ 1930թ., այն բռնազավթվել էր հայերից և հանձնվել Ստամբուլի քաղաքապետարանին: Չնայած այդ հանգամանքին՝ հայ առաքելականների թաղումները հիմնականում իրականացվում էին Շիշլիի գերեզմանատանը, այստեղ են թաղված Պոլսի հայության կյանքում մեր դերակատարում ունեցած հայեր:

1936թ. Թուրքիան օրենք ընդունեց, որով բռնագրավում էր ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցապատկան գույքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատկապես վերջին տարիներին մշտապես պարտադրում էր Թուրքիային փոխհատուցում տրամադրել: Հարցը փորձեց լուծել այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2011թ. ընդունած օրենքով, որով նախատեսվում էր գույքը մաս առ մաս վերադարձնել իրական տերերին: Սակայն գույքի վերադարձման ճանապարհին կային մի շարք խնդիրներ՝ ժամանակային սահմանափակում, հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակի հարց, բյուրոկրատական քաշքշուկ, վերադաձնելու կամքի բացակայություն: Չնայած դրան՝ գույքի մի մասն արդեն վերադարձվել է և կարող է նպաստ բերել հայկական հիմնադրամների կենսագործունեությանը: Վերադարձված գույքը կազմում է ընդհանուրի 19 %-ը:

Այս հղումով կարող եք ծանոթանալ Շիշլիի հայոց գերեզմանատան պատմությանը: