9 փետրվար, 2015 14:57

Գարեգին Բ-ի $1.1 մլն գաղտնի գումարը՝ «բարեգործական նպատակներով»

Garegin B catholicosԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով գաղտնի հաշվեհամարը HSBC բանկում, որի վրա կա 1.1 մլն դոլար գումար, բացվել է «ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով»:

Այս մասին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ) պարզաբանել է Մայր Աթոռը:

«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, իսկ Վեհափառ հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:

ICIJ-ը հրապարակել է HSBC բանկի՝ 203 երկրից ավելի քան 106 հազ. հաճախորդների հաշվեհամարների մասին տվյալներ: Այդ հաճախորդները հաշվեհամարներ են բացել 1990-2007 թթ. և պահել ընդհանուր առմամբ ավելի քան 100 մլրդ դոլար: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ HSBC-ն օգնել է իր հաճախորդներին խուսափելու հարկերի վճարումից:

Գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ HSBC բանկային հսկան շահույթ է ստացել զենք-զինամթերքի վաճառքով զբաղվող դիլերների հետ գործարքներից:

«Հուսով ենք՝ սա կօգնի հանրությանը հասկանալու նման գաղտնիության չարիքն ու բացասական կողմերը,- ասել է ICIJ-ի տնօրեն Ջերարդ Ռայլը: - Այն, ինչ բացահայտում ենք, մի աշխարհ է, որը մարդիկ երբեք չեն տեսնում»:

Օֆշորային բանկային բիզնեսը թաքցնում է հսկայական գումարներ, ինչն անհետևանք չի մնում հասարակությունների համար: Գիտնականների գնահատմամբ՝ օֆշորում պահվում է 7,6 մլրդ դոլար, ինչը պետական գանձարաններին արժենում է տարեկան առնվազն 200 մլրդ դոլար:

Հայաստանը ցանկում 146-րդն է

ICIJ-ը ներկայացրել է HSBC-ի հաճախորդների ու նրանց հաշիվների թիվը՝ ըստ երկրների: Ցանկում Հայաստանը 146-րդն է: Գաղտնազերծված փաստաթղթերում Հայաստանի հետ կապ ունեն 10 հաճախորդներ, որոնց 40 տոկոսը ունի ՀՀ անձնագիր կամ ազգությամբ հայ է: Հաշվեհամարներում նշված ժամանակահատվածում եղել է 15,4 մլն դոլար:

ICIJ-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ 1989-2006 թթ. բացվել է 21 հաշվեհամար: 

«2006-2007 թթ. «Գարեգին Երկրորդ Ներսես» անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա պահվել է 1,1 մլն դոլար: Գաղտնազերծված փաստաթղթերում չի հստակեցվում Գարեգին Երկրորդի հստակ առնչությունը հաշվեհամարի հետ»,- նշված է կայքում:

ՍիվիլՆեթին չհաջողվեց պարզաբանում ստանալ Մայր Աթոռից։