13 փետրվար, 2015 14:37

Սերժ Սարգսյանի իշխանության վերջի սկիզբը

donkey revolution HHKՓետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում  իշխող կուսակցության նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որ ուղղված էր երբեմնի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, կարելի է բնութագրել հակասահմանադրական, ապաքաղաքական ու ոչ էթիկական:

Հայհոյախառն, պիտակավորումներով ու սպառնալիքներով հագեցած տեքստը հարիր չէ թեկուզ դե ֆակտո նախագահի կարգավիճակ ունեցող անձին։ Հայհոյախառն տեքստում Սերժ Սարգսյանը կոչ է անում քաղաքականությունը մաքրել տգիտությունից, և գործընթացները վերադարձնել մտավոր դաշտ։ Պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից հասկանալու կոչեր անող ՀՀԿ ղեկավարը, ըստ էության, իր ելույթով ջախջախիչ հակասության մեջ է մտնում նույն հասկացությունների հետ՝ դուրս գալով Սահմանադրության շրջանակից։

Քաղաքականություն ու պետություն հասկացությունից խոսողի ելույթն ամբողջովին հակասում է հիշյալ հասկացությունների տրամաբանությանն ու բովանդակությանը։

Նախ որևէ մեկը, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանն ու իր թիմը, իրավունք չունեն որոշելու մարդկանց ինտելեկտի մակարդակը և ըստ այդմ` լիցենզիա տան քաղաքականությամբ զբաղվելու: Առավել ևս, որ հենց ՀՀԿ-ի ներսում կուսակցության կարկառուն ներկայացուցիչները հազիվ թե կարողանան հաջողությամբ հանձնել ինտելեկտին առընչվող որևէ թեստ:

ՀՀԿ ղեկավարը ելույթում Գագիկ Ծառուկյանին մեղադրում է տարատեսակ հանցագործություններ կատարելու մեջ:

ՀՀ Սահմանադրության փաստացի երաշխավոր Սերժ Սարգսյանի խոսքով` ստացվում է, որ տևական ժամանակ հանուն կուսակցական ու նեղ անձնական շահերի աչք է փակել տարատեսակ հանցագործությունների վրա ու կոծկել այդ հանցագործությունները: Հարց է առաջանում` այդ տրամաբանությամբ քանի՞ հոգու է նա հանդուրժում իշխանության ամենաբարձր մակարդակում:

Հետաքրքիր է` եթե Սերժ Սարգսյանն այդքան ինֆորմացված է եղել Գագիկ Ծառուկյանի չարագործություններից ու օրինազանցություններից, ինչի՞ց դրդված է նրա հետ կոալիցա կազմել, երկիր ղեկավարել և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում ընդգրկել: Ի՞նչ է` հանցավոր գարծարք է կնքել պետության դեմ, աչք է փակվել նրա կողմից կատարված օրինազանցությունների վրա: Մի՞թե հանցագործություն կոծկելը երկրի Սահմանադրության փաստացի երաշխավորի կողմից ավելի ծանր հանցանք չէ, քան, ասենք, հարկեր թաքցնելը:

Ինչ վերաբերում է ելույթի էմոցիոնալ մասին, ապա մասնագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ երկրի փաստացի ղեկավարի կողմից էմոցիոնալ և հայհոյախառն ելույթն ամենևին էլ ուժի և ինքնավստահության արտահայություն չէ, այլ ընդհակառակը: Ինքնավստահ քաղաքական գործիչը բոլորվին այլ ամպլուայի մեջ կլիներ: Երկրի ներսում քաղաքական, սոցիալական և տնտեսական զրոյական ռեսուրսի տիրապետող Սերժ Սարգսյանը դիմում է հուսահատ քայլի` իշխանությունը փրկելու համար: Սակայն պետք է արձանագրել, որ այս ելույթով Սարգսյանն իր քաղաքական իշխանության վերջի սկզբի մեկնարկն է տալիս:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: