14 փետրվար, 2015 13:25

«Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպանում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջը

 

0702e8b3-637c-43a9-8141-e5afc1ac5623 - Copy«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը փետրվարի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ըստ որի՝ պաշտպանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանակության պահանջը: Ստորև՝ հայտարարությունն ամբողջությամբ:

1. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ:

2. «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի եռյակը հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի պաշտոնանկության պահանջով, միավորումը կպաշտպանի այդ պահանջը:

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարում է.

ա) Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից, ՀՀ քաղաքացիների և պետության շահերից:

բ) «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը սպասում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու՝ ոչ իշխանական եռյակի ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո կկոնկրետացնի գործընթացին իր հնարավոր մասնակցության ձևաչափը:

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին։ Նա իր ելույթում համազգային մոբիլիզացիայի կոչ էր արել «ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-ին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած ելույթը բավարար հիմք է խորհրդարանում նրա իմփիչմենթի գործընթացը սկսելու համար:

2014թ. դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառվարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկով էր հանդես եկել՝ այդ մասին նախագիծը ներկայացնելով ԱԺ:

2013թ. հուլիսի 24-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթուղթը։ 2013թ. դեկտեմբերի 9-ին ներկայացվել էր միավորման կառավարման խորհրդի 7-հոգանոց կազմը: Կառավարման խորհրդի անդամներն են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խարատյանը, Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Մարինե Մանուչարյանը: