14 փետրվար, 2015 13:40

Ադրբեջանում «Ազատության» լրագրողին 12 տարի ազատազրկում է սպառնում

article_0_1417554513«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային փետրվարի 13-ին նոր մեղադրանքներ են առաջադրվել: Նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրություն իրականացնելու, շորթման, ծառայողական լիազորությունները չաշահելու մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութունը: Իսմայլովային, ըստ Նամազլիի, սպառնում է 12 տարի ազատազրկում:

Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել դեկտեմբերի 5-ին: Նրա դեմ «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանք է ներկայացրել «Ազատության» նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևը:

Իսմայլովան, որը «Ազատություն» ռադիոկայանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող ընտանիքի հսկայական ֆինանսական ակտիվների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքվի կողմից տևական ժամանակ է` հետապնդումների է ենթարկվում:

Առաջատար միջազգային կազմակերպությունները դատապարտել են նրա ձերբակալությունը, այդ թվում՝ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը և այլն:

Հունվարի 27-ին նրա կալանքը երկարացվել է 2 ամսով: