14 փետրվար, 2015 14:43

Սաակաշվիլին կբարեփոխի Ուկրաինան

Եթե կյանքի կոչվի նոր Ուկրաինան, Վրաստանը նույնպես ազատ կլինի. Սաակաշվիլի Եթե կյանքի կոչվի նոր Ուկրաինան, Վրաստանը նույնպես ազատ կլինի. Սաակաշվիլի

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն փետրվարի 13-ին հրամանագիր է ստորագրել Բարեփոխումների խորհրդակցական միջազգագային խորհուրդ ստեղծելու և որպես դրա ղեկավար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակելու մասին, ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Բարեփոխումների խորհրդակցական միջազգագային խորհուրդը խորհրդատվական մարմին է, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա Ուկրաինայում բարեփոխումների իրականացումը: Խորհուրդն այդ գործում ներգրավելու է օտարերկրյա փորձագետների:

«Երկար ենք մտածել, թե ինչպես օգտագործել Միխեիլ Սաակաշվիլիի գիտելիքները, փորձն ու նոու-հաուն: Վրաստանում նրան հաջողվեց բարեփոխել քաղաքական, տնտեսական, հասարակական ոլորտները: Մինչև վերջերս Միխեիլը, ըստ էության, բարեփոխումների գծով Ուկրաինայի արտահաստիքային խորհրդատուն էր, և այսօր նա կստանա պաշտոնական կարգավիճակ»,- ասել է Պորոշենկոն և հավելել, որ Սաակաշվիլին կդառնա արտերկրում Ուկրաինայի և միաժամանակ՝ Ուկրաինայում միջազգային հանրության ներկայացուցիչը:

Միխեիլ Սաակաշվիլին, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասել է, որ «եթե կյանքի կոչվի նոր Ուկրաինան, Վրաստանը նույնպես ազատ կլինի»:

Ստանձնած պաշտոնում աշխատելու համար Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն չունի. նա կշարունակի մնալ Վրաստանի քաղաքացի:

Մինչև Սաակաշվիլիի նշանակումը մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա գլխավորելու է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Այդ լուրը Цензор.net լրատվական պորտալի հետ զրույցում հաստատել էր հենց ինքը՝ Սաակաշվիլին: Նա ասել էր,որ մտադիր է մասնակցել այդ պաշտոնի համար մրցույթին:

Օրերս էլ վրացական «Նովոստի Գրուզիա» կայքը, հղում անելով վրացական «Պիրվելի ռադիո»-ին, հաղորդել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից Միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահ: Այդ կապակցությամբ «Իզվեստիա» թերթի ուկրաինական տարբերակը գրել էր, որ «Պուտինի համար չկա ավելի ուժեղ նյարդայնացուցիչ, քան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի սանիկ Սաակաշվիլին է» [Յուշչենկոն Սաակաշվիլիի որդու՝ Նիկոլազի կնքահայրն է - Սիվիլնեթ]:

***

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հայրենիքում մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով, այդ թվում՝ պետական միջոցների վատնում, խաղաղ ցուցարարների հետ հաշվեհարդարի կազմակերպում, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի տիրացում և այլն: Քանի որ Վրաստանի նախկին նախագահն այդպես էլ չի ներկայացել դատախազություն՝ հարցաքննության, որպես նրա խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանքը: Իրեն առաջադրված մեղադրանքները նա անհիմն է համարում:

Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ իր նախագահական լիազորությունների լրանալուց մի քանի օր առաջ, վերջին 14 ամիսներին հիմնականում ապրում է ԱՄՆ-ում և Ուկրաինայում: