16 փետրվար, 2015 17:59

Հպարտ եմ, որ հայ եմ. Սամվել Կարապետյանի զրույցը Forbes-ի հետ

Samvel-Karapetyan«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Forbes ամսագրի ռուսական տարբերակին: Կարապետյանը, որն ամսագրի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ» վարկանշի առաջատարներից է, ի թիվս այլնի` խոսել է հայերի, իր ընտանիքի և երեխաների` ընտանեկան բիզնեսում ներգրավվածության մասին: Հարցազրույցից մի հատված թարգմանաբար ներկայացված է ստորև:

- Դուք չեք թաքցնում, որ «Տաշիրը» հայկական ընկերություն է: Որքա՞ն համախմբված է հայակական սփյուռքը Ռուսաստանում, դուք միմյանց օգնո՞ւմ եք:

- Մենք օգնում ենք միմյանց և աջակցում, երբ կարիք կա, բայց գլխավորը` երբեք չենք խանգարում: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ իմ ընտանիքով, իմ երեխաներով և ստեղծածս բիզնեսով: Մենք փոքր, բայց շատ հպարտ և իմաստուն ազգ ենք: Երբեք ոչ ոքի չենք տրորել, այլ հակառակը` միշտ փորձել ենք և փորձում ենք գոյատևել` միաժամանակ պահպանելով մեր ինքնատիպությունն ու բացառիկությունը: Ժամանակները, իհարկե, փոխվել են, խոսքն ուղղակի ֆիզիկական պահպանման մասին չէ, սակայն իրադրությունները տարբեր են լինում: Մեր համախմբվածությունը թույլ է տալիս շատ բան անել ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում: Ամեն ինչ կառուցվում է վստահության վրա, այդ իսկ պատճառով էլ մեզ ոչ ոք երբեք չի խաբել, և մենք նույնպես: Երբևէ որևէ դատ չի եղել: Գործարարները, որոնք այս բոլոր տարիների ընթացքում գոյատևել են, հասկանում են, թե բիզնեսում որքան կարևոր է խոսքը: Մյուսները պարզապես չեն գոյատևել:

- Կա՞ն մարդիկ, որոնց Դուք կարող եք փոխանցել գործերը:

- Կան և նրանք արդեն սկսում են կառավարել բիզնեսը: Ես ունեմ երկու որդի` 16 և 22 տարեկան, և դուստր, որը 22 տարեկան է: Կրտսեր որդիս սովորում է ինստիտուտում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար: Դուստրս աստիճանաբար ներգրավվում է ընտանեկան բիզնեսում: Ինձ համար ինքնին ենթադրելի էր, որ երեխաներս կներգրավվեն բիզնեսում: Նրանք դա գիտեին և որ կարևորն է` ցանկանում էին դա: Այլ կերպ չէր էլ կարող լինել. նրանցից ոչ մեկն անգամ վերացականորեն չէր պատկերացնում իր ապագան այլ տեղում: Նրանք ի սկզբանե գիտակցել են` ինչով են զբաղվելու:

- Դուք նրանց խի՞ստ եք դաստիարակել:

- Կարծում եմ` նրանց ճիշտ եմ դաստիարակել. մանկությունից ստեղծվել էր համապատասխան միջավայր: Երես չեմ տվել: Բացի այդ` առկա է գեների գործոնը: Երեխաներս ինձ են նման ամեն ինչում: Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, հակառակը, ինձ ոգեշնչում էր: Այժմ նայում եմ նրանց. նրանք էլ են այդպիսին:

- Իսկ Ձե՞զ ինչպես են դաստիարակել, Դուք ի՞նչ ընտանիքից:

- Հայրս ողջ կյանքը նվիրել է երեխաների դաստիարակությանը: Նա մանկավարժ է եղել և դպրոցի տնօրենի պաշտոնում ավելի քան 50 տարի մաթեմատիկա է դասավանդել, մայրս անգլերեն է դասավանդել: Կիրթ և շատ աշխատասեր ընտանիք. ես նրանցից շատ բան եմ ընդօրինակել: Ծնորղներս ինձ համար ստեղծել են առանձնահատուկ միջավայր, պատանեկությունից բացատրել են, որ կյանքում գլխավորը պարկեշտ մարդ լինելն ու խոստումը կատարելն է:

- Դուք այժմ «Տաշիր» ընկերությունների խմբի միա՞կ սեփականատերն եք, թե՞ Ձեր երեխաներն արդեն մասնաբաժին են ստանում բիզնեսում:

- Ես խմբի միակ սեփականատերն եմ երեխաներիս հետ: Մեր բիզնեսն ընտանեկան է:

- Բայց իրավաբանորեն դա ինչպե՞ս է ձևակերպված: Գրանցամատյանում կա՞ն գրանցումներ:

- Նրանք նոր-նոր են դուրս եկել ասպարեզ, այդ իսկ պատճառով շատ շուտով այդ գրանցումները կլինեն:

- Ո՞ր պահին եք Ձեզ հարուստ մարդ զգացել:

- Այդպիսի պահ չի եղել: Ես զբոսանավեր կամ հազվագյուտ կտավներ չունեմ: Իհարկե, ինձ շքեղությունը դուր է գալիս, բայց ես երբեք դրանից չեմ կառչել և դա պաշտամունք չեմ դարձնում: Ամեն բան պարզ է. հավանում եմ ինքնաթիռը, գնում եմ: Բայց ոչ ասելու համար, որ ես այն ունեմ: Գլխավորն այլ բան է, և դա ինձ ավելի է ոգեշնչում. ես զբաղվում եմ իմ գործով: Ինձ համար շատ ավելի կարևոր է ոչ մի տեղ չձախողել, չկանգնել տեղում և քիչ-քիչ, բայց համառորեն առաջ գնալ: