20 փետրվար, 2015 16:13

Դեմոկրատների ու բուրժուայի անկումը

Triple political forces hold a rally in Freedom SquareՓետրվարի 18-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրած բուրժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց՝ դեռ չսկսված։ Տարիներ տևած նախապատրաստական փուլից հետո հեղափոխությունը ակտիվ փուլի մեջ ընդամենը հինգ օրվա կյանք ունեցավ՝ փետրվարի 13-ին Սերժ Սարգսյանին ուղղված Գագիկ Ծառուկյանի պատասխանից մինչև փետրվարի 18-ի հայտնի տեքստը։

Մի շարք առումներով 2015թ. փետրվարին տեղի ունեցած գործընթացները աննախադեպ էին նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ։

Նախ, առաջին անգամ էր, որ իշխանության և ընդդիմության միջև թափ էր հավաքում քաղաքական հակամարտությունը, որը պայմանավորված չէր ընտրական գործընթացներով։

Երկրորդ, առաջին անգամ էր, որ գործող նախագահի հրաժարականի պահանջը դնող քաղաքական ուժերը այն իրագործելու համար ունեին բավարար ֆինանսական, մարդկային և տեղեկատվական ռեսուրսներ: Տարիներ շարունակ տարատեսակ ընդդիմադիրներ պնդում էին, որ նյութական ռեսուրսների բացակայությունն է հիմնական պատճառը, որը հանգեցնում է ձախողման։

Երրորդ, ընդդիմության դիրքերն աննախադեպ ուժեղ էին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իշխանությունները զրոյական լեգիտիմություն ունեն ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ պետական ապարատում։ Նման իրավիճակների համար ասում են՝ «իշխանությունը փողոցում դրված է, վերցնող չկա»։

Ազատության հրապարակում փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի կայացման դեպքում Սերժ Սարգսյանի իշխանազրկումը օրերի հարց էր։ Պետք էր դիմադրել ընդամենը յոթ օր, սակայն բուրժուադեմոկրատական հեղափոխության շունչը կտրվեց հինգերորդ օրում:

Ամենևին էլ պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավոր և անհնար, օրինական ու հակաօրինական մեխանիզմներն աշխատեցրեց հունվարի 20-ի հանրահավաքը տապալելու համար։ Փաստացի ստացվել էր այնպես, որ հունվարի 20-ին հայտարարված հանրահավաքի կայացման դեպքում սկսվելու էր Սերժ Սարգսյանի իշխանության վերջի սկիզբը, իսկ չկայացման դեպքում՝ եռյակի կամ բուրժուադեմոկրատական հեղափոխության վախճանն ու Սարգսյանի տրիումֆը։

Բուրժուաների ու դեմոկրատների տապալումից հետո հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյա՞նն էր ամենակարող ու ուժեղ, թե՞ բուրժուադեմոկրատ հեղափոխականների ներսում ամեն ինչ հարթ չէր:

Որևէ փաստարկ կամ վկայություն չկա Սարգսյանի ուժեղության մասին: Յոթ տարի պետության կառավարումը ձախողած ղեկավարը չի կարող ուժեղ լինել:

Իսկ ահա բուրժուադեմոկրատների ներսում լուրջ խնդիրներ են եղել: Անվերապահորեն կարելի է պնդել, որ լիդերների մակարդակում գերիշխել են էգոցենտրիստական միտումները։

Քաղաքական, նյութական շահեր, անձնական ամբիցիաներ, անվստահության մթնոլորտ, վճռականության ու կամքի պակաս,- այս ամենը կանխորոշեցին բուրժուաների և դեմոկրատների անփառունակ պարտությունը:

Հիմա եկել է պարտությանը տեր կանգնելու պահը: Բայց նման դեպքերում  պարտությունն անտեր է:

***

Այժմ կարող ենք արձանագրել.

  • Սերժ Սարգսյանը ամրապնդեց իր դիրքերը իշխանական բուրգում ու քաղաքական դաշտում:
  • Սարգսյանին սահմանդարական փոփոխությունների իականացման հարցում որևէ քաղաքական ուժ լրջորեն չի կարողանալու խոչընդոտել։
  • Ընդդիմադիր դաշտում հսկայական խորշ է բացվել այն քաղաքական ուժերի համար, որոնք տևական ժամանակ պնդում էին, որ եռյակի գոյությունը խանգարում է նոր ուժերի կայացմանն ու առաջընթացին:
  • Հասարակության գերակշիռ հատվածին համակել է անտարբերությունն ու հիասթափությունը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: