2 մարտ, 2015 17:30

Քաղաքական նոր իրավիճակ

Armenian National Congress and Armenian People's Party hold a marchՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքով կարելի է եզրափակված համարել Սերժ Սարգսյանի դեմ ընդդիմության ակտիվ պայքարի հերթական փուլը: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքում հայտարարեց, որ ՀԱԿ-ը առնվազն երկամսյա դադար է վերցնում, զերծ է մնալու զանգվածային միջոցառումներից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում:

Եռյակի տապալումից հետո ակնհայտ էր իրադարձությունների նման զարգացումը: Փետրվարի 18-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակ քաղաքական միավորը վերացավ: ՀԱԿ-ի գործընկեր ԲՀԿ-ն այդ հայտարարությունից հետո գրեթե զրոյացրեց իր քաղաքական կշիռը և դադարեց լուրջ քաղաքական գործոն լինել: Այդ քաղաքական միավորը հավանաբար հանգրվանելու է «կոնֆորմիստ-պետականամետ ընդդիմադիր» նիշայում:

Մի իրավիճակում, երբ ընդդիմությունը մի քանի օրվա ընթացքում զրկվում է նյութական, մարդկային և ինֆորմացիոն ռեսուրսների հիմնական մասից, նրա առանձին միավորների օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) բնականաբար կտրուկ անկում պետք է ապրեր: Իշխանափոխությանը միտված նրանց հետագա գործողությունները կաթվածահար են:

Տեր-Պետրոսյանին այլ բան չէր մնում, քան անորոշ ժամանակով դադար վերցնելը. «քաղաքագիտական վերլուծությունը» տապալված է, իսկ նորը դեռ չկա:

Իշխանափոխությունը հետին պլան մղելուն զուգահեռ ընդդիմադիր դաշտում ակտիվանում է ներքին պայքարը միմյանց դեմ:

Մի կողմից ՀԱԿ-ի, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի և քաղաքական այլ միավորների միջև (որոնց Լևոն Տեր-Պետրոսյանը դասել էր մարգինալների շարքում) սկսված քարոզչապատերազմը մարտի 1-ի հանրահավաքում պաշտոնական տեսք ստացավ: Առաջիկայում ընդդիմադիր դաշտում կսրվի պայքարը քաղաքական տարբեր միավորների միջև, և փորձեր կարվեն նոր ընդդիմադիր միավորների ստեղծման ուղղությամբ: Իշխանությունը ակտիվորեն միջամտելու է այդ գործընթացներին՝ փորձելով ունենալ հեշտ կառավարելի ու վերահսկելի ընդդիմադիր դաշտ:

Ընդդիմադիրների միջև ներքին պայքարն ու միավորումներ ստեղծելու փորձերը ամենայն հավանականությամբ կավարտվեն առանց շոշափելի արդյունքների: Դեռ չի նկատվում այն ուժը, որը կկարողանա ծանրության կենտրոնը թեքել իր կողմը և Սերժ Սարգսյանին արժանի հակահարված տալ: Արդյունքում ընդդիմադիրների հետ հարաբերակցության ուղղաձիգում ուժեղանում է Սերժ Սարգսյանի դիրքը: Վերջինս, օրինակ, հնարավորություն է ստանում կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, քանի որ քաղաքական դիամդրություն չկա:

Սակայն սա չի նշանակում է, որ կբարձրանա գործող նախագահի լեգիտիմության աստիճանը, և հասարակության հակաիշխանական տրամադրությունները անկում կապրեն: Ավելին, պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի խորացող վատթարացմամբ, Սերժ Սարգսյանի դիրքերը էլ ավելի կթուլանան: Կստացվի կամ արդեն իսկ ստացվել է հակասական իրավիճակ, երբ երկրի գործող իշխանությունը զրոյական լեգիտիմությամբ, հասարակության գերակշիռ մասի կողմից մերժված լինելով, արտաքին քաղաքական ձախողումներով և տանուլ տված տնտեսությամբ շարունակում է իշխանավարել բացառապես այն պատճառով, որ դեռևս չկա ուժը, որը կստիպի նրանց հեռանալ:

Քաղաքական վերադասավորումների և ընդդիմադիր նոր ուժի կազմավորման համար երկար ժամանակ կպահանջվի: Ընդամենը երկու տարի հետո` 2017-ին, սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Պետք է արձանագրել, որ մինչև խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պահելու է իշխանությունը, եթե իհարկե ֆորս մաժորային իրավիճակ չգրանցվի սոցիալ-տնտեսական կամ արտաքին քաղաքական ասպարեզում:

Հազիվ թե ընդդիմադիր դաշտում գործող ուժերը հաշվարկած չլինեն այս պարզ իրողությունները, ուստի նրանց վերադասավորումների հիմքում ընկած է լինելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: