2 մարտ, 2015 16:33

Տաքսիստները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց

DD129914-EE44-4833-B91A-5CC60CA8FB06_cx0_cy19_cw0_mw1024_s_n_r1Մարտի 2-ին անհատ տաքսու մի քանի հարյուր վարորդներ հավաքվել են կառավարության շենքի մոտ: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` նրանք բողոքում են տաքսի ծառայությունների ոլորտում կառավարության` մարտի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների, մասնավորապես 12 հազ. դրամ լիցենզավորման վճարի դեմ:

Վարորդները նշում են, որ այդ գումարը մեծ է, և իրենք չեն կարողանում վճարել` պահանջելով իջեցնել լիցենզավորման գինը: Տաքսու վարորդները նաև ցանկանում են հրաժարվել հաշվիչ տեղադրելուց կամ պահանջում են, որ պետությունն անվճար տրամադրի հաշվիչները:

Վարորդներին մոտեցել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Զրուցելով նրանց հետ մոտ մեկ ժամ` փոխնախարարը ընդգծել է, որ հազարավոր տաքսիստներ աշխատում են, մինչդեռ բողոքողները միայն մի քանի հարյուրն են: Նրա խոսքով` չի կարող լինել այնպես, որ աշխատեն և ոչինչ չվճարեն: Ըստ փոխնախարար Առաքելյանի` ներկա պահին սահմանված գումարը օրական 400 դրամ է կազմում: Տաքսու վարորդներից ոմանք նշել են, որ իրենք դեմ չեն վճարել այդ 400 դրամը, սակայն միայն դա չէ խնդիրը` տաքսի ծառայությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է մոտ 100 հազ. դրամ, որն իրենք չունեն:

Ներկայում տաքսու վարորդների հինգհոգանոց խումբը կառավարությունում բանակցում է փոխնախարարի հետ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես ցանկացել են ներկա լինել բանակցություններին, սակայն Արթուր Առաքելյանն ասել է, որ իր աշխատասենյակում բավարար տեղ չկա` խոստանալով հանդիպման ավարտից հետո իջնել և խոսել լրատվամիջոցների հետ:

Տաքսի ծառայությունների ոլորտում կառավարության փոփոխությունների վերաբերյալ ՍիվիլՆեթի տեսանյութը` ստորև