10 մարտ, 2015 13:40

Պուտինը պատմել է, որ Ղրիմը ՌԴ-ին միացնելու աշխատանքի հրաման է տվել

Միջազգային հանրությունը չի ճանաչել Ռուսաստանին Ղրիմի միացումը: Միջազգային հանրությունը չի ճանաչել Ռուսաստանին Ղրիմի միացումը:

Ղրիմի՝ Ռուսաստանին միացման շուրջ հանրաքվեից առաջ այնտեղ փակ սոցիոլոգիական հարցում է անցկացվել: Այս մասին Ռուսաստանին Ղրիմի միացման միամյակին նվիրված վավերագրական ֆիլմում պատմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում Պուտինը պատմել է, որ 2014թ. Սոչիում օլիմպիական խաղերի փակումից առաջ նեղ կազմով խորհրդակցության ժամանակ ընդունվել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ որոշում:

«Ես ասացի՝ Ուկրաինայում իրադրությունն այնպիսին է, որ մենք ստիպված ենք Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմը վերադարձնելու աշխատանք սկսել, քանի որ չենք կարող այդ տարածքն ու մարդկանց գցել ազգայնականների համահարթիչի տակ»,- ասել է ՌԴ նախագահը:

Այսպիսով՝ ֆիլմում առաջին անգամ հնչում են Պուտինի այն խոսքերը, որ ինքը Ղրիմը վերադարձնելու ուղղությամբ աշխատանք սկսելոի հրաման է տվել:

Լիամետրաժ վավերագրական ժապավենի հեղինակներն ասում են, որ այն նախաձեռնել են՝ պատմության համար պահպանելու 2014թ. գարնանը Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների «յուրաքանչյուր նշանակալի դրվագ»:

ԱՄՆ Պետքարտուղարությունը գնահատել է ֆիլմը

«Մենք տեսել ենք ֆիլմի բովանդակության մասին հաղորդագրությունները… Անկասկած, այն, ինչ տեսել ենք, համապատասխանում է մոլորության մեջ գցող այն մոտեցմանը, թե Ռուսաստանը կապ չունի Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,- այսպես է մեկնաբանել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին ֆիլմում Պուտինի հնչեցրած հայտարարությունները: Նա հստակեցրել է, որ նկատի ունի այն, որ «Ռուսաստանը հերքում է իր առնչությունը Ղրիմի բռնակցման հետ»:

***

2014թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե, որի արդյունքում Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․մարդ։

ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն և այն անօրինական են համարել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով թերակղզում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Ռուսաստանին Ղրիմի միացումը սկիզբ դրեց Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեպի պատժամիջոցների շարքի: