11 մարտ, 2015 12:00

Տրվեց 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի մեկնարկը

Նյու Յորքում մարտի 10-ին մեկնարկեց 100 LIVES նախաձեռնությունը: Ինչպես ասված է գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տարածած հաղորդագրությունում, նախաձեռնությունը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր։ Ստորև ներկայացված է հիմնադրամի հաղորդագրությունն ամբողջությամբ:

100 LIVES նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա և ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ`

Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք 100LIVES.com կայքում,

անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության,

կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին և կազմակերպություններին։

100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը և այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ և հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին և մարդկությանը։

1.5 միլիոն հայ զոհվեց Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ: Մի շարք կազմակերպությունների և անհատների շնորհիվ մոտ 500.000 հայեր փրկվեցին՝ ձևավորելով հայկական սփյուռք ամբողջ աշխարհում՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա:

«Բազում հայերի կյանքեր փրկած մարդկանց գթասրտությունը, մեծահոգությունը, կամքն ու անձնազոհությունը մեզ պարտավորեցնում են բարձրաձայնել այդ պատմությունների մասին: Ժամանակն է լույս սփռել բացառիկ ճակատագրերի և կենսագրությունների վրա, ընդունել նրանց պատգամները և մեր երախտագիտությունը հայտնել արվածի համար»,- ասում է 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Գնահատելով ու խոնարհվելով վերապրածների և նրանց փրկողների առաջ՝100 LIVES նախաձեռնությունն սահմանել է «Ավրորա» մրցանակ՝ մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով:

Ամենամյա «Ավրորա» մրցանակը ենթադրում է նաև 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերում. հաղթողը գումարը հատկացնելու է այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլեր կատարել:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներն են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների ճանաչված պաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։

2016 թ. ապրիլի 24-ին Երևանում Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։

«Պատիվ ունեմ միանալու 100 LIVES նախաձեռնությանը, քանի որ նրա և իմ Not On Our Watch հիմնադրամի նպատակներն ընդհանուր են. երկուսն էլ ձգտում են աշխարհի ուշադրությունը հրավիրել ցեղասպանության թողած ազդեցության վրա և փորձում են միջոցներ հատկացնել աշխարհով մեկ զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու համար: Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում։ Մենք, իբրև անհատներ, խմբեր և կառավարություններ, պետք է անհապաղ լուծենք այս խնդիրը»,- ասել է Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի մյուս համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան, ԱՄՆ-ի Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի նախագահ Էլի Ուիզելն է։ Մնացած անդամները կհայտարարվեն առաջիկա մի քանի ամիսներին:

«Ես ականատես եմ եղել ցեղասպանության թողած ավերածությանը, ինչը ցավալիորեն շարունակվում է մինչ օրս։ Բայց ես քաջածանոթ եմ նաև մարդկային ոգու տոկունությանը։ Մեծարելով հանդերձ՝ մենք պետք է նաև միշտ հիշենք այն անձնազոհ մարդկանց ջանքերը, ովքեր մեկ դար առաջ միջամտեցին՝ փորձելով մեկընդմիշտ դադարեցնել նմանատիպ ոճիրները»,- ասել է Էլի Ուիզելը։

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում գործած բարբարոսությունների ականատեսը, կորցրել հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվելուց հետո նա կարողացել է իր մեջ ուժ գտնել և իր կյանքը նվիրել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու գործին՝ նկարահանվելով «Հոշոտված Հայաստան» ֆիլմի (1919 թ.) գլխավոր դերում։

Մրցանակի սահմանումը ոգեշնչված է նաև հարյուր տարի առաջ ցուցաբերված խիզախության և գոյապայքարի հազարավոր չպատմված դրվագներից։

«Տոկունություն, կորով, ապրելու կամք ու երախտագիտություն. ահա հայերի հատկանշական գծերը։ Սակայն այդ հատկանիշները բացառիկ չեն հայերի համար, դրանք կան բոլոր մարդկանց մոտ: Մենք մշակել ենք #BeArmenian #BeAlive [«եղիր հայ, եղիր կենսունակ»] գաղափարը՝ բյուրեղացնելու մարդկային ոգու զորությունը։ Ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև բոլորի համար»,- նշել է Նուբար Աֆեյանը:

Իբրև նշված նախաձեռնությունների բաղկացուցիչ մաս, 100 LIVES-ը նպատակ ունի թվայնացնել Հայոց ցեղասպանության արխիվային նյութերը։ Հիմնադիրները հուսով են, որ այս հիմնարար ձեռնարկումը կօգնի վտանգից զերծ պահել և հավերժացնել պատմական անգնահատելի արխիվը՝ թույլ տալով բոլորին ծանոթանալ դրա բովանդակությանը։

«Այսօր Հայոց ցեղասպանությունը վերապրողներից արդեն քչերն են մեզ հետ։ Անչափ կարևոր է, որ հարյուրամյակին ընդառաջ մենք այս հնարավորությունն օգտագործենք մեկ դար առաջ տեղի ունեցածն աշխարհում մարդկության գիտակցության մեջ մեկընդմիշտ ամրագրելու համար»,- շեշտել է Վարդան Գրեգորյանը։

100 LIVES

100 LIVES համաշխարհային նոր նախաձեռնության արմատները գնում են դեպի Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում անհատների և կազմակերպությունների համարձակ ու հերոսական ջանքերով փրկվեցին հարյուր հազարավոր հայերի կյանքեր։ Այսօր՝մեկ դար անց, 100 LIVES-ը երախտագիտություն է հայտնելու՝ ներկայացնելով բացառիկ պատմություններ և արժևորելով մարդկային ոգու տոկունությունը։

100 LIVES-ը փրկվածների ու փրկվողների ժառանգներին աշխարհով մեկ կոչ է անում պատմել իրենց բացառիկ պատմությունները։ 100 LIVES-ն իր գործունեության ամբողջ ընթացքում կներկայացնի բազում նման դրվագներ։

100 LIVES-ը ներդրումներ է կատարելու տարբեր նախագծերում՝ երախտագիտությունը գործով ցուցաբերելու նպատակով։ Մենք ցանկանում ենք, որ մեր քայլերը ոգեշնչեն ուրիշներին՝ մի պահ կանգ առնել ու հիշել նրանց, ովքեր դժվարության պահին օգնել են իրենց, և ի նշան շնորհակալության՝ կատարել պատասխան քայլ։

100 LIVES-ը տարբեր հանգանակությունների և նախագծերի իրականացմամբ երախտագիտության մնայուն արդյունք է թողնելու։ Միջոցներն ուղղվելու են գնահատանքի այն նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանին, հայկական մեծ սփյուռք ունեցող պետություններին կամ այն երկրներին, որոնք կապ ունեն հարյուր տարի առաջ հայությանը փրկած կամ օգնություն ցուցաբերած անհատների, ընտանիքների, կազմակերպությունների կամ համայնքների հետ։ Նախագծերը երախտագիտություն են հայտնելու հայերին երկրորդ հնարավորություն ընձեռած ու երիտասարդ սերնդին ավելի լավ ապագա պարգևած մարդկանց և կազմակերպություններին՝ աշխարհին հայտնի դարձնելով նրանց անունները։

www.100LIVES.com

Not On Our Watch

Not On Our Watch կազմակերպությունը հիմնել են Ջորջ Քլունին, Դոն Չիդլը, Մեթ Դեյմոնը, Բրեդ Փիթը, Ջերի Վայնթրաուբը և Դեյվիդ Փրեսմանը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու և քայլեր ձեռնարկելու զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու և կանխելու համար։ Կազմակերպության նպատակն է պաշտպանել և օժանդակել խոցելի և տեղահանված խմբերին։

www.notonourwatchproject.org

Elie Wiesel Foundation (Էլի Ուիզել հիմնադրամ)

1986 թ. Խաղաղության նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Էլի Ուիզելն իր կնոջ՝ Մերիոնի հետ հիմնել է The Elie Wiesel Foundation for Humanity-ն (Էլի Ուիզել մարդկության համար հիմնադրամը): Այն Հոլոքոստի հիշողությամբ պայքարում է անտարբերության, անհանդուրժողականության և անարդարության դեմ՝ երիտասարդներին ուղղված միջազգային ծրագրերով երկխոսելով հանուն ըմբռնման, ընկալման և հավասարության։