2 ապրիլ, 2015 08:40

Հայ-թուրքական (օսմանյան) առաջին փաստաթուղթը՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր

Հովհաննես Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան) Հովհաննես Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան)

1918թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Հանրապետության տարածքը ճշգրիտ չէր կարող լինել հենց 12 հազար քառակուսի կիլոմետրը, քանի որ Բաթումի պայմանագրով միայն որոշվել էր սահմանագիծը մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նշվում և մանրամասնվում է այդ պայմանագրի երկրորդ հոդվածում: Այսպիսով, 12 հազար քառակուսի կիլոմետրը մոտավոր թիվ է, քանի որ ճշտված չէին սահմանները նորանկախ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Բաթումում 1918թ. հունիսի 4-ին թուրքերի հետ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեցին ՀՅԴ-ականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը և ժողովրդական Միքայել Պապաջանյանը: Պայմանագրի վերնագիրը՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև», այսօր կարող է որպես ծաղրանք ու հեգնանք հնչել այս «ուռա-պատրիոտիզմի» անպատասխանատու ժամանակներում, սակայն այն դժնդակ օրերին չկար այլընտրանք: Այլընտրանքը կնշանակեր հրաժարում պետականությունից:

Բարեբախտաբար, այն ժամանակ հայ ժողովրդին առաջնորդում էին Հովհաննես Քաջազնունու նման խոհեմ ու պատմական պատասխանատվություն կրող գործիչներ: Շատերը, այդ թվում ՀՅԴ շրջանակներից, հրապարակավ կամ իրենց մտքում, Քաջազնունուն համարում էին դավաճան: Նրանց մեջ էր նաև Անդրանիկը, ով Հայաստանի Հանրապետության ծնունդը համարեց ապօրինի՝ թուրքերի ստեղծածը: Մինչդեռ Քաջազնունին ոչ միայն պետական մտածելակերպով գործիչ էր, այլև իսկական հայր, ով իր որդիներին չէր թաքցնում հեռուներում: Նրա որդիներից մեկը զոհվեց 1918թ. հայ-թուրքական պատերազմում, մյուսը՝ 1920թ. հայ-թաթարական բախումների ժամանակ:

Չնայած ներքին ընդվզմանն ու զայրույթին՝ 1918թ. հունիս-նոյեմբեր ամիսներին կառավարությունը տարավ այդ պարտադրանք-հարկադրանքը: Շատերը հայհոյում ու դավաճանական էին համարում թուրքերի հետ կնքած Բաթումի պայմանագիրը, բայց հակադրվելով հասարակական կարծիքին` առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին համոզված էր, որ Հայաստանը պետք է կատարի այդ  պայմանագրի դրույթները և միջպետական հարաբերություններ պահպանի Օսմանյան կառավարության հետ:

Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում բացվեց նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմնի` Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան Կայսրության   ներկայացուցիչները, պարսից հյուպատոսը և ռուս ու մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները: Խորին լռության մեջ, ինչպես գրում է Վրացյանը, բեմ ելավ Քաջազնունին և արտասանեց բացման ճառը, որը թարգմանվեց ռուսերեն ու թուրքերեն:

Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, օգոստոսի 3-ին, Քաջազնունին կարդաց կառավարության հայտարարությունը. «Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարիդրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես, լուծել օսմանյան զորքերի՝ մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը»:

1919թ. հունվարին Փարիզում սպասվող Խաղաղության վեհաժողովի նախօրեին Քաջազնունին գոհանում էր համեստ սահմաններով՝ համաձայնելով ծովային ելք էլ չունենալ: Ժողովրդականները պնդում էին ծովից ծով Հայաստանի  գաղափարի վրա` Տրապիզոնի ու Ալեքսանդրետի ելքերով: Դաշնակցականների մեջ էլ քիչ չէին ծովից ծով Հայաստանի կողմնակիցները, բայց մեծ մասը կանգնած էր միայն Սև ծով ելք ունենալու տեսակետի վրա:

Իշխող ՀՅԴ կուսակցության շարքերում կային գործիչներ, ովքեր ներքուստ համոզված էին, որ թուրքերը կարող են խորտակել Հայաստանի անկախությունը: Արտաշես Բաբալյանի խոսքերով` թուրքերի գլխավոր ուժերը ուղղված էին Բաքվի դեմ, և մասամբ նաև դա էր պատճառը, որ փոքրիկ ու թույլ Հայաստանը հանգիստ մնաց մինչև 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքված և Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունն ազդարարող, հայերի համար փրկարար զինադադարը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: