14 ապրիլ, 2015 13:59

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մադրիդի թագավորական տաճարում

g_imageՄադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում aպրիլի 13-ին տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր խոսքում արքեպիսկոպոս Օսորոն նշել է, որ պատարագը նվիրված է հայերի վերապրած ողբերգությանն ու դժոխային տառապանքներին: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ ներկաներին միավորում է մի ժողովրդի անցյալի մասին հիշատակը: Նա ավելացրել է, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխանորդ, Տեր Սասուն Զմրուխտյանը, իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը:

Պատարագն ուղեկցվել է հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվել են հատվածներ Աստվածաշնչից: