14 ապրիլ, 2015 19:43

Հայաստանը $150 մլն-ին համարժեք վարկ է վերցնում Եվրասիական բանկից

Evrasiakan zargacman bank6Հայաստանը 150 միլիոն դոլարին համարժեք վարկ կներգրավի Եվրասիական զարգացման բանկից՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքը շարունակելու համար: Կառավարությունում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Կառավարության տարածած հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ արժույթով, ինչ ժամկետով և ինչ տոկոսադրույքով է տրամադրվելու $150 միլիոն դոլարին համարժեք վարկը: «Հանդիպմանը հաջորդել է համաձայնագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը»,- նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: