14 ապրիլ, 2015 13:18

Կես միլիոն դոլարի թմրամիջոց՝ հայ-իրանական սահմանին

ՄետամֆետամինՖինանսների նախարարության Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստանի Հանրապետություն, հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը հայտնաբերել է հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակ` շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ: Սպիտակ գույն ունեցող փոշենման այս թմրանյութը, որ հայտնի է «մեթամֆետամին» անունով, բավական մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թ.:

«Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխել ենք «մեթամֆետամին» տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն»,- տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը: Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից:

ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքը, ըստ Վահրամ Գուրողլյանի, գերազանցել է միջազգային բոլոր հնարքները:

Հաղորդվում է, որ Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց»: Մասնավորապես, այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին «մեթամֆետամինի» թաքստոցը դարձել, ինչը, սակայն չէր վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից:

***

Վերջերս հրապարակվել էր ԱՄՆ Պետքարտուղարության՝ «Թմրանյութերի միջազգային վերահսկողության ռազմավարություն 2015» ամենամյա զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը թմրանյութեր արտադրող առաջատար երկիր չէ, և երկրում անօրինական թմրանյութերի սպառման մակարդակը համեստ է: Զեկույցի հեղինակները դա պայմանավորել են Հայաստանի շրջափակված լինելու և չորս սահմաններից երկուսի (Թուրքիայի և Ադրբեջանի հետ) փակ լինելու հանգամանքով: Զեկույցում նշված է, որ «վերջերս Հայաստանը դարձել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ ճանապարհ, որը երկիր է մտնում ցամաքային ճանապարհով Իրանից և դուրս է բերվում օդային ճանապարհով»:

2014թ. հունվարի 17-ին հայ-իրանական սահմանին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել էր 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների  առումով: