16 ապրիլ, 2015 12:24

Կառավարությունը հստակեցրեց «Հյուսիս-հարավ»-ի $150 մլն վարկի պայմանները

1_59_big20 տարի մարման ժամկետ, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույք՝ տարեկան 1,65 տոկոս. այս պայմաններով է Հայաստանի կառավարությունը 150 միլիոն դոլարին համարժեք վարկը ներգրավում Եվրասիական զարգացման բանկից, ՍիվիլՆեթին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունում:

Կառավարությունը ապրիլի 14-ին հաղորդագրություն էր տարածել Եվրասիական զարգացման բանկից 150 միլիոն դոլարին համարժեք վարկ ներգրավելու մասին, որը պետք է ուղղվի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքը շարունակելուն: Կառավարության հաղորդագրությունում չէին մանրամասնվում վարկի տրամադրման պայմանները:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայանգիրը ստորագրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: