21 ապրիլ, 2015 12:34

Ցեղասպանության մասին հայտարարությունը ԱԺ-ն ընդունեց միաձայն

MHM91564-copyԱզգային ժողովը ապրիլի 21-ի արտահերթ նիստին միաձայն` (113 կողմ) ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

- արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

Քվեարկությունից հետո ԱԺ-ն անցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին Ազգային ժողովի մասնակցության ձևաչաձի շուրջ աշխատանքային փակ քննարկման:

Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:

20 տարի առաջ` նույն օրը, Հայաստանի Գերագույն խորհուրդը կրկին արտահերթ նիստում միաձայն ընդունել էր հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով: Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր սյունակում պատմում է այդ մասին: