21 ապրիլ, 2015 12:51

Ծիծեռնակաբերդում ամենամյա ծաղկահավաքը կանցկացվի երկու օր

MHM77396 copyԱպրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի կունենա «Ծաղկահավաք» ամենամյա միջոցառումը, որը նախաձեռնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը  :

 Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս:

Ծաղկահավաքին ավանդաբար մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, կամավորներ, դպրոցականներ և ուսանողներ:

Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվելիք ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումը կանցկացվի երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին: