21 ապրիլ, 2015 22:10

Գալիպոլի կժամանեն 24 երկրների և կառավարությունների ղեկավարներ

 

canakkalee24 երկրների և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն ապրիլի 24-ին Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը Թուրքիայում: Անկարան պաշտոնապես հրապարակել է երկրների ցանկը, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ:

Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝ Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իրաք, Իռլանդիա, Մոնտենեգրո, Կատար, Պակիստան, Մակեդոնիա, Նիգեր, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան, Կոսովո և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն: Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը:

Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով,

Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների:

Չի հաղորդվում Միացյալ Նահանգների մասնակցության և դրա ձևաչափի մասին:

Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով: Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն:

Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով: Վատիկանը ևս ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա:

***

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության օր նշանակեց 2015թ. ապրիլի 24-ը՝ Թուրքիա հրավիրելով աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին, ինքն էր Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Նախկինում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները նշվում էին մարտի 18-ին: Տեղափոխելով ամսաթիվը՝ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Ապրիլի 24-ին Երևան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, 60 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: