22 ապրիլ, 2015 18:19

1915-ի զոհերի հիշատակը քաղաքականության ստվերում. Թոմաս դե Վաալ

Thomas-De-Waal-e1423828275559Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել  BBC-ում՝ «1915-ի զոհերի հիշատակը քաղաքականության ստվերում՝ մեկ դար անց»: Հոդվածը թարգամանաբար ներկայացված է ստորև:

Պատմական որևէ իրադարձություն այսքան սերտորեն փոխկապակցված չէ ժամանակակից քաղաքական կոնյունկտուրայի հետ:

1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլի հայ համայնքի տասնյակ հայտնի գործիչներ ձերբակալվեցին այդ ժամանակվա Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից:  Դա դարձավ սկիզբը իրադարձությունների շղթայի, որը հանգեցրեց 1 մլն հայերի զանգվածային տեղահանության և մահվան: Իրադարձություններ, որոնք երկու սերունդ հետո սկսեցին անվանել Հայոց ցեղասպանություն:

Ցավոք Երևանում սգո արարողությունները մրցակից կունենան. տոնակատարություններ Թուրքիայում՝ նվիրված Գալիպոլիում հաղթանակի 100-ամյակին:

Ամսաթվի ընտրությունը

Ապրիլի 24-ը մեծ օր է Հայաստանի համար. այս փոքրիկ երկրի համար այն ոչ միայն աշխարհին իր ողբերգության մասին հիշեցնելու, այլև համաշխարհային առաջնորդների ուշադրությունը գրավելու հնարավորություն է:

Երևան կժամանեն նախագահներ Վլադմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը, հնարավոր է՝ նաև բարձրաստիճան պաշտոնյա ԱՄՆ-ից: Նրանց հետ կլինեն բազմաթիվ հայտնիներ, ինչպես օրինակ Ջորջ Քլունին:

Միաժամանակ Բրիտանիայի թագաժառանգ Չառլզը և բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներ կմեկնեն  Թուրքիա՝ առավել համեստ արարողության:

Ավանդաբար Գալիպոլիի տոնակատարությունն անցկացվել է մարտի 18-ին կամ ապրիլի 25-ին: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրեց ապրիլի 24-ը խորապես սխալ մտադրությամբ՝ ցանկանալով շեղել ուշադրությունը նույն օրն ընթացող հիշատակի հայկական արարողություններից:

Այդպիսով Էրդողանը ջնջեց բարությունը, որ կար անցած տարվա նրա ցավակցական ուղերձում՝ 1915-1916-ի մասին: Դա Թուրքիայի առաջնորդի նման առաջին հայտարարությունն էր:

Թուրքիայի կառավարությունը այլևս չի հերքում, որ հայերի հետ սարսափելի իրադարձություն է եղել, միայն պահանջում է, որ այն ցեղասպանություն չանվանվի:

Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութողլուն 2013թ. ատրգործնախարարի պաշտոնում խոսեց հայերի «անմարդկային տեղահանության» մասին՝ այդպիսով դեմ գնալով Թուրքիայում գոյություն ունեցող ավանդական տեսակետին, ըստ որի՝ Օսմանյան կայսրությունում հայերի լիակատար անհետացումը դիպվածի կամ քաղաքացիական պատերազմի հետևանք է:

Հայերի նկատմամբ փոխված վերաբերմունք

Վերջին տարիներին Թուրքիայում շատ բան է փոխվել: Թուրքիայի հասարակության երկու հատվածները՝ ազատական մտավորականները և քրդերը, որոնք աջակցում են «Ազգային ժողովրդավարական կուսակցությանը» (հանդես է գալիս ի պաշտպանություն Թուրքիայում քրդերի իրավունքների), որոշեցին հրաժարվել պատմության հին «ժխտողական» տարբերակից, որը մերժում էր ճանաչել հայերի ոչնչացումը:

Ապրիլի 24-ին քրդերով բնակեցված Դիարբեքիր քաղաքում վերաբացված հայկական եկեղեցում ոգեկոչման արարողություն և համերգ կանցկացվի: Ստամբուլի սրտում՝ Թաքսիմի հապարակում, ևս հիշատակի արարողություն կանցկացվի: Սակայն Թուրքիայի հանրությունը հիմնականում չի փոխել իր տեսակետը:

Թուրքիայի կառավարության և տեղահանության ժամանակ մահացածների կամ փրկվածների սերունդ հանդիսացող հայկական սփյուռքի միջև վեճի էությունը 1915-ի իրադարձություները և «ցեղասպանություն» եզրն են:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ևս սառն են մնում, սակայն դրա պատճառի արմատները տարածաշրջանային քաղաքականության մեջ են, ավելի հստակ՝ միությունը Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի գլխավոր հակառակորդի միջև, և ղարաբաղյան հակամարտությունը:

Ո՞վքեր են նրանք՝ «արևելյան հայերը»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորաբար անվանում են «արևելահայեր»:  Թեև նրանց մեծ մասը 1915-1916 թթ. փախստականների սերունդներն են, գերակայողը պատմական ուրիշ տեսակետ է: Նրանք խոսում են հայերենի բարբառով՝ տարբեր Թուրքիայի հայերի հայերենից, և քաղաքական այլ դիրքորոշում ունեն: Նրանց հայրենիքը 1828-ից Ռուսաստանի մի մաս է եղել:

Հայաստանը երկու առաջնահերթություն ունի. երկիրը կենսունակ պետություն դարձնել և իր օգտին լուծել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտությունը: Այստեղից ՝ Թուրքիայի նկատմամբ առավել պրագմատիկ վերաբերմունքը, Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակահարմարության տեսլականը, սահմանների բացումը և, համապատասխանաբար, Արևմուտքի հետ տրասնպորտային և տնտեսական կապերի դյուրացումը:

Սակայն դա տեղի չունեցավ 1993թ., և երբ հայերը գրավեցին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանները:

2009-2010 թթ. երկու երկրները կրկին մոտ էին հարաբերությունենրի կարգավորմանը և ստորագրեցին հարաբերությունների ապասառեցման երկու արձանագրություն: Սակայն նախաձեռնությունը կրկին տապալվեց, և այստեղ գլխավոր դերը խաղաց Ադրբեջանը՝ հասնելով այն բանին, որ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները:

Այդ պահից Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները առավել ամրապնդվեցին, և բնականաբար նվազեցին հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման հնարավորությունները: Մարտի 17-ին Թուրքիան և Ադրբեջանը հանդիսավոր ազդարարեցին TANAP գազամուղի՝ երկու երկրներին կապող ևս մեկ նախագծի շինարարության մեկնարկը:

Ո՞ւմ է ձեռնտու

Իրականում որևէ մեկը օգուտ չստացավ Հայաստանի և Թուրքիայի միջև սառեցված հարաբերություններից: Հայաստանը շարունակում է մեկուսացված և աղքատ մնալ, Թուրքիան չկարողացավ դառնալ Հարավային Կովկասում կարևոր պետություն, ԼՂ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, Ադրբեջանը այդպես էլ չի մոտեցել հայերի կողմից 1991-1994 թթ. գրավված տարածքների հետ վերադարձին:

Հնարավոր է՝ միակ երկիրը, որ շահել է այս իրավիճակում, Ռուսաստանն է: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը ռազմական մկաններ է ցույց տալիս, Երևանը դիմել է Մոսկվայի աջակցությանը:

Հենց դրանից էր ելնում Հայաստանի առաջին կառավարությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, երբ 1991թ. Թուրքիային առաջարկում էր վերականգնել դիվանագիտական հարաբերությունները առանց նախապայմանների, այլ կերպ ասած՝ չբարձրացնելով 1915-ի ցեղասպանության հարցը:

1995թ. Ռուսաստանն ու Հայաստանը Գյումրիում ռուսական ռազմաբազայի երկարաժամկետ վարձակալման մասին համաձայնագիր ստորագրեցին: 2010թ., երբ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին, վարձակալումը երկարացվեց մինչև 2044թ.:

2013թ. Ռուսաստանը, թերևս, երկակի խաղ խաղաց: Պուտինի Բաքու այցից և Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման մասին բանակցություններից, դրա փոխարեն մտնելով պուտինյան Մաքսային միություն:

Աշխարհաքաղաքական այս բոլոր մանևրումները ավելի շատ վկայում են անկանխատեսելիության մասին: Ռուսաստանը ցանկանում է առավել սերտ կապեր ունենալ ոչ միայն իր դաշնակից Հայաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Թուրքիան կցանկանար, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ունենար, ինչը թույլ կտար նրան ամրապնդել իր դերը Կովկասում, և թուրք մի շարք պաշտոնյաներ տարբեր զրույցներում իրենց ափսոսանքն են հայտնում հակամարտության կարգավորման ուղիների հարցում Ադրբեջանի կոշտ դիրքորոշման առնչությամբ:

Այս համատեքստում ապրիլի 24-ի քաղաքականացումը լրացուցիչ գլխացավանք է նրանց համար, ովքեր կցանկանային, որ այս տարածաշրջանում խաղաղությունն ու առևտուրը ի վերջո հաղթի հակամարտությանն  ու տառապանքին: