22 ապրիլ, 2015 17:20

Գալիպոլիի տոնակատարություններին ԱՄՆ կներկայացնի դեսպանը

Bass2 Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բաս

Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին ԱՄՆ-ը կներկայացնի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը, այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News կայքը՝ հղում անելով ԱՄՆ դեսպանության խոսնակին:

Ավելի վաղ Անկարան պաշտոնապես հրապարակել էր երկրների ցանկը, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ: Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝ Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իրաք, Իռլանդիա, Մոնտենեգրո, Կատար, Պակիստան, Մակեդոնիա, Նիգեր, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան, Կոսովո և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն: Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը: Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով, Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների: Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով:

Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն: Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով:

Վատիկանը, ավելի վաղ տարածված տեղեկության հակառակ, ներկայացուցիչ չի ուղարկելու Թուրքիա: Ըստ Hurriyet-ի` Վատիկանի դեսպանությունում ասել են, որ միջոցառմանը իրենց ներկայացված չլինելը պայմանավորված է արդարադատության և խաղաղության հարցերով պապական խորհրդի նախագահի,- որը և պետք է մասնակցեր միջոցառմանը,- վատառողջ լինելով:

Ապրիլի 21-ին հայտնի է դարձել նաև ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով Երևան ժամանող ամերիկյան պատվիրակության կազմը: Այն գլխավորելու է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն: Համաձայն Սպիտակ տան հաղորդագրության` պատվիրակության կազմում են լինելու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն, Դեյվ Թրոթը:

***

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության օր նշանակեց 2015թ. ապրիլի 24-ը՝ Թուրքիա հրավիրելով աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին, ինքն էր Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նախկինում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները նշվում էին մարտի 18-ին: Տեղափոխելով ամսաթիվը՝ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ապրիլի 24-ին Երևան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, 60 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: