22 ապրիլ, 2015 15:17

Վատիկանը ներկա չի լինի Գալիպոլիի տոնակատարություններին. Hurriyet

vatican_2131403bԱթոռը ներկայացված չի լինի ապրիլի 24-25-ին Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյա տոնակատարություններին նվիրված միջոցառումներին: Այս մասին թուրքական Hurriyet թերթին ասել է Անկարայում Վատիկանի դեսպանության պաշտոնյան:

Անկարան ավելի վաղ պաշտոնապես հրապարակել էր երկրների ցանկը, որոնք մասնակցելու են Գալիպոլիի միջոցառումներին: Նշվել էր, որ Վատիկանը նույնպես ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա:

Ըստ Hurriyet-ի` Վատիկանի դեսպանությունում ասել են, որ միջոցառմանը իրենց ներկայացված չլինելը պայմանավորված է արդարադատության և խաղաղության հարցերով պապական խորհրդի նախագահի,- որը և պետք է մասնակցեր միջոցառմանը,- վատառողջ լինելով:

Վերջին շրջանում Անկարայի և Վատիկանի հարաբերությունները լարվել են: Պատճառն այն է, որ ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը:

Պապի կողմից պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում: Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն ստանալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ էր կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը:

***

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության օր նշանակեց 2015թ. ապրիլի 24-ը՝ Թուրքիա հրավիրելով աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ՝ 2014թ. օգոստոսին, ինքն էր Էրդողանին հրավիրել Երևան՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Նախկինում Գալիպոլիի հաղթանակի միջոցառումները նշվում էին մարտի 18-ին: Տեղափոխելով ամսաթիվը՝ Թուրքիան ակնհայտորեն ցանկանում է ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Ապրիլի 24-ին Երևան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, 60 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: