23 ապրիլ, 2015 13:48

Հայերի տեղահանության մասին Դավութօղլուի հայտարարությունը՝ թուրքական լրատվամիջոցների թեմա

Ձախից աջ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու և մեջլիսի պատգամավոր Էֆքան Ալա Ձախից աջ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու և մեջլիսի պատգամավոր Էֆքան Ալա

Թուրքական լրատվամիջոցների առաջին էջերին են հայտնվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նրա խորհրդարանի՝ պատգամավոր Էֆքան Ալայի հայտարարությունները՝ հայերի տեղահանության և կոտորածների մասին:

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար և Էրզրումից ընտրված պատգամավոր Էֆքան Ալան, ժխտելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը,  ասել էր, որ տեղի ունեցածը տեղահանություն է:  Կարսում ելույթի ժամանակ նա հայտարարել էր. «Մենք մի տեղից վերցրել և տարել ենք հայերին, տարել ենք այն տարածքները, որ մեզ էին պատկանում այդ ժամանակ, օրինակ՝ Լիբանան, Սիրիա և այլն: Դա ցեղասպանություն չէր, այլ  տեղահանություն»:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական 24 TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  հիշեցրել է, որ ինքն ասել է. «Տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է [...]: Հայերը մեզ հետ միասին պատմություն են կերտել: Հայերն ու թուրքերը հազարամյակի ընթացքում իրար դեմ ընդհանրապես չէին պատերազմել: Հայ-թուրքական հարաբերությունները սոսկ արյունոտ պատմություն չեն: Թուրքերեն առաջին վեպը հայերեն տառերով է գրվել»:Թուրքական լրատվամիջոցները Դավութօղլուի հայտարարությունը մեկնաբանում են որպես պատասխան Էֆքան Ալայի խոսքին: Թուրքական մի շարք թերթեր հետևյալ վերնագրերն են դրել՝ «Դավութօղլու. Տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է», «Էֆքան Ալա. մենք տեղահանություն ենք արել»:

Ընդդիմադիր Evrensel  կայքն այս առիթով նկատել է. «Եթե Դավութօղլուի և Ալայի խոսքերը միավորենք, ստացվում է՝ Թուրքիան մարդկության դեմ հանցագործություն է իրականացրել»:

Ապրիլի 20-ի իր ուղերձի հաջորդ օրը Թուրքիայի վարչապետը, խոսելով 1915թ. իրադարձությունների մասին, ասել է. «Առանց պատմություն իմանալու,  առանց ուսումնասիրություն կատարելու  մեզ վրա քաղաքական ճնշումներ են գործադրում, որոնց դեմ մենք  ազնիզիջում ենք մնալու և չենք ընկրկելու»: