23 ապրիլ, 2015 18:39

Դիարբեքիրում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

DudanԱպրիլի 22-ին Թուրքիայի՝ հիմնականում քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Դուդան կոչվող ձորում, որտեղ 1915թ. հուլիսին Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ Բեյի գլխավորությամբ սպանվել էր ավելի քան 10 հազ. հայ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Կազմակերպիչներն են Դիարբեքիրի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, Դիարբեքիրի իրավաբանների միությունն ու Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը, հաղորդում է ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում:

Արարողությանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ժողովուրդների դեմոկրատական քրդական կուսակցության (HDP) պատգամավոր Նուրսել Այդողանը, որն իր ցավակցությունն է հայտնել հայերին և նշել, որ իր կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

Ինչպես գրել է Արա Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում, Դիարբեքիրում տեղի ունեցած արարողության կարևորությունը Հայոց ցեղասպանության հարցի ներառումն է Թուրքիայի օրակարգում: