23 ապրիլ, 2015 11:12

Ապրիլի 24-ին հայերը կնվագեն և կպարեն միայնակ. Էրդողան

4094634-3x2-940x627Ապրիլի 24-ին Երևանում հայերը կնվագեն և կպարեն միայնակ, չորեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Պոլսի «Ակօս» թերթը:

«Ի՞նչ են անելու նրանք ապրիլի 24-ին: Նրանք պատրաստվում են միասին հավաքվել Հայաստանում, սակայն կնվագեն ու կպարեն միայնակ: Նրանք կխոսեն, այս կամ այն կանեն, կզրպարտեն Թուրքիային: Ինչ վերաբերում է մեզ, մենք ապրիլի 24-ին կհավաքվենք Գալիպոլիում, սակայն Հայաստանը Գալիպոլիի մեր օրակարգում չկա: Ապրիլի 23-ին Ստամբուլում աշխարհի հետ մենք կխոսենք խաղաղության մասին. սա է մեր տարբերությունը: Հայաստանն ասում է, որ Գալիպոլիի 100-ամյակի մեր միջոցառումները հակադիր քայլ են իրենց արարողություններին: Մենք այդպիսի կասկածներ, ինչպես նաև մտահոգություններ չունենք: Ինչ էլ նրանք խոսեն այնտեղ, ապրիլի 24-ին շուրջ 100 պետության ղեկավարներ, վարչապետներ և դեսպաններ, որոնք կգան Թուրքիա, շատ լավ կտեսնեն՝ ինչ է արվում այնտեղ»,- ասել է Էրդողանը:

Նա մեկնաբանել է նաև՝ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում կասի «ցեղասպանություն», թե՝ ոչ: «Ես չէի ցանկանա նման բան լսել պարոն Oբամայից: Ես չեմ էլ ակնկալում»,- ասել է Էրդողանը:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, նա ասել է. «Եվրամիությունը մեզնից առաջ չէ, նրանք շատ հետ են մնում: Նրանց վերջին հայտարարությունը նշանակում է «արխիվների բացում»: Ես 12 տարի է՝ ասել եմ՝ մենք պատրաստ ենք ամեն պահ բացել այս արխիվները: Թեև նրանք ականջներ ունեն, սակայն չեն կարողանում լսել կամ զբաղված են այլ բաներով: Մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները, եթե Հայաստանը ևս ունի հարցի վերաբերյալ արխիվներ, այդ դեպքում նրանք ևս պետք է բացեն իրենց արխիվները»: