23 ապրիլ, 2015 13:35

Հուսով ենք՝ Պուտինի երևանյան այցը ճիշտ կընկալվի Թուրքիայում. ՌԴ փոխարտգործնախարար

KarasinՀուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությունը Երևանում կայանալիք միջոցառումներին ճիշտ կընկալվի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Դա պատմության մաս է, հայկական համայնքը ՌԴ-ում շատ մեծ է, պատմությունը պետք է հարգել և անել համապատասխան եզրահանգումները. Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Գործակալության հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կարելի՞ է ակնկալել Ռուսաստանի կողմից որևէ փաստաթղթի ընդունում, Կարասինը պատասխանել է. «Նախևառաջ՝ ապրիլի 24-ին 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է մեկնում ՌԴ նախագահը: Որոշ կարևոր միջոցառումներ կկայանան նաև Ռուսաստանում. գիտեմ, որ Մոսկվայում կանցկացվեն մի շարք հասարակական հանդիպումներ, ապրիլի 24-ին մայր տաճարում ժամերգություն տեղի կունենա»:

Կարասինը նաև պատասխանել է այն հարցին, թե Պուտինի երևանյան այցին ի պատասխան ինչ արձագանքներ կարող են լինել թուրքական կոմից, և չի՞ դառնա արդյոք դա նյարդայնացնող գործոն ռուս-թուրքական հարաբերությունների համար, այդ թվում՝ «Թուրքական հոսք» նախագծի իրականացման համատեքստում:

«Հուսով եմ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությունը Երևանում կայանալիք միջոցառումներին ճիշտ կընկալվի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Դա պատմության մաս է, հայկական համայնքը ՌԴ-ում շատ մեծ է, պատմությունը պետք է հարգել և անել համապատասխան եզրահանգումները: Ինչ վերաբերում է մեր բոլոր հարևանների հետ երկկողմ հարաբերությունների հարցում քաղաքականությանը, ապա դրանք ըստ էության հայտնի են: Կարծում եմ՝ դա չի վնասի, այլ, ընդհակառակը, ցույց կտա, որ մենք հավասարակշռված և խոհուն մոտեցում ենք ցուցաբերում նշվող պատմական բոլոր օրերին»,- ասել է Կարասինը:

***

Ավելի վաղ Պուտինի երևանյան այցի՝ ռուս-թուրքական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին հարցին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել էր, որ «Թուրքիայից որևէ բացասական արձագանք չեն սպասում»:

«Մեր դիրքորոշումները համաշխարհային բազմաթիվ խնդիրների շուրջ համընկնում են: Մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է»,- նշել էր Պեսկովը՝ ընդգծելով, որ Հայաստանը «իրենց հարևանն է, որի հետ Ռուսաստանին կապում են տասնյակ հազարավոր տարբեր թելեր»:

Ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի չորս նախագահ, որոնցից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: