27 ապրիլ, 2015 18:57

Թուրքական «Հանրապետության» հայկական անցյալը

cumhuriyetten-ermenice-manset «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթը

Այս տարի ապրիլի 24-ին թուրքական «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթը լույս էր տեսել հայերեն խորագրով. թերթի շապիկին հայերեն գրված էր՝  «Այլևս երբեք»: Ալին Օզինյանի սյունակն առաջարկում է ծանոթանալ Թուրքիայի Հանրապետության առաջին թերթի հիմնադրման գաղտնի պատմությանը, նրա հայկական անցյալի, Մաթոսյան ընտանիքի կորուստների և քեմալական նոր թերթի հիմնադրման գործում Մուստաֆա Քեմալի ներգրավվածության մասին:

Թուրքիայի Հանրապետության հռչակումից անմիջապես հետո՝ 1924թ., Ստամբուլում հիմնադրվեց «Ջումհուրիյեթ» (Հանրապետություն) օրաթերթը: Թերթի հրատարակիչ Յունուս Նադին շատ սերտ կապեր ուներ Աթաթուրքի հետ, և նրա խնդրանքով թերթն անվանեց «Ջումհուրիյեթ»: Թերթը պետք է հանդիսանար հանրապետականների խոսափողը:

Մինչև համապատասխան շինության հայթայթումը՝ թերթն իր գործունեությունն սկսեց իթթիհադականների հիմնական կենտրոնատեղիներից մեկում՝ «Փեմբե քյոշքում» (Վարդագույն պալատ): Իթթիհադականների գաղափարախոսության կենտրոններից մեկում գործունեություն ծավալելն առաջին իսկ օրվանից մատնանշում էր թերթի քաղաքական  ուղղվածությունը:

Աթաթուրքը Նադիին առաջարկեց Ստամբուլում գտնվող Մաթոսյանի հրատարակչությունը: Վահան Մաթոսյանը 1915-ից հետո այլևս չցանկանալով մնալ Թուրքիայում, որոշել էր վաճառել պապերից ժառանգած և օսմանյան շրջանում բազմաթիվ գրքեր և օրացույցներ հրատարակած իր տպագրատունը: Մինչ մեկնումը «պարզվեց», որ Մաթոսյանը 4000 լիրայի պարտք ունի պետությանը, և նրա 100 000 լիրա գնահատված տպագրատան վրա կալանք դրվեց: Մաթոսյանին «մեծահոգաբար» թույլատրեցին  հեռանալ՝ խոստանալով հետագայում ստանալ իր իսկ գույքի վաճառքից ստացվելիք գումարը:

Մաթոսյանն իր կյանքի ապահովության մասին մտածելով՝ անմիջապես մեկնեց Շվեյցարիա: Նրա հեռանալուն պես՝ տպագրատունը 4000 լիրա պարտքի դիմաց յոթ տարվա ապառիկով և առանց կանխավճարի հանձնվեց Յունուս Նադիին: Հայի ապրանքը «փեշքեշ» էր տրվում պետական պաշտոնյաներին կամ բռնագրավվում էր պետության կողմից, ինչպես տեղի ունեցավ Չանքայայում (Թուրքիայի նախագահի նստավայրը) Քասաբյանների սեփականության հետ:

Ստեղծվում էր թուրքական էլիտան, թուրքական լրատվությունը, և հայ ընտանիքին պատկանող մոտ մի քանի հարյուր տարվա տպարանն ու հրատարակչությունը, որոնք այդ օրերին Թուրքիայի ամենաժամանակակից սարքավորումներն ունեին, վերածվեցին նորակառույց թուրքական պետության  քարոզչության գործիքի:

Յունուս Նադին հաշվի չառավ Մաթոսյանի Շվեյցարիայից ուղարկած բողոքի նամակները և հարցի քննարկումը Մեջլիսում: Ավելին՝ Նադին իր խլած տպարանի համար ընդամենը երեք ամիս վճարելուց հետո դադարեց վճարումներ անել պետությանը և նույնիսկ պահանջեց իր գումարի վերադարձը, քանի որ տպարանում հրդեհ էր բռնկվել, և ամեն ինչ իբր մոխրի էր վերածվել: Իրականում Նադին նախապես վաճառել էր բոլոր սարքավորումները, իսկ Մաթոսյանների երկարամյա ջանքերի արդյունքում ստեղծված գրադարանը վաճառել էր Թուրքիայի կրթության նախարարությանը: Այդ օրերին լույս տեսնող «Թանին» օրաթերթը գրել է, որ Մաթոսյանի միայն գրքերը 4000 լիրայից շատ ավելի արժեին:

«Ջումհուրիյեթ» օրաթերթը համարվում էր Թուրքիայի ամենաառաջատար և արդիական թերթը: Մինչև 1934թ. ցրիչ Արթին Էֆենդին իր ձեռքով բաժանորդներին էր հասցնում թերթի թարմ համարները: Առաջին իսկ օրվանից, ինչպես և նախատեսվում էր, թերթը քեմալիզմի և Հանրապետական կուսակցության խոսափողն էր: Հետագա տարիներին «Ջումհուրիյեթը» ողջունեց զինվորական բոլոր հեղաշրջումները, վատաբանեց և փնովեց մյուս քաղաքական և հասարակական ուժերին: Թերթը նաև իսլամի գլխավոր թշնամին էր Թուրքիայում: 1980-ական թթ. լիբերալիզմի և իսլամական արժեքների հետևորդ Թուրգութ Օզալը թերթի իշխանամետ քաղաքականության համար այն անվանեց Թուրքիայի «Պրավդա»:

Վերջին տարիներին՝ խորքային պետության բացահայտումների ժամանակ, ի հայտ եկավ «Ջումհուրիյեթի», պետության ու զինվորականության հետ ունեցած կապերից բացի՝ նաև խորքային պետության լրատվական օրգանը հանդիսանալու հանգամանքը: «Էրգենեքոնի» դատավարության ժամանակ լուսաբանվեցին թերթի պատմության այլ մութ էջեր ևս․ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Ջումհուրիյեթը» ֆինանսավորվել էր գերմանական ֆաշիստների կողմից:

Ուշագրավ է, որ թերթի ամենակարևոր սյունակագիրներից և երկարամյա խմբագիրներից Իլհան Սելջուկը, որը հայտնի էր իր մոլի ազգայնական, պանթյուրքիստական հայացքներով, որպեսզի  կարողանար մնալ պաշտոնում, տարիներ շարունակ հերքում և թաքցնում էր իր մոր հայ լինելը:

Ինչպես Թուրքական Հանրապետությունը, որ հիմնվել է թալանի, ստի և խաբեության վրա, այնպես էլ նրա ազգայնական, հակաքրիստոնեական, հակահայկական ուղղվածությամբ հայտնի թերթն ստեղծվեց հայկական սեփականության թալանի արդյունքում, տարիներ շարունակ խմբագրվեց իր հայությունը հերքող և թաքցնող Սելջուկի կողմից: «Ջումհուրիյեթն» այսօր կորցրել է իր երբեմնի հեղինակությունը, տպաքանակը և ամենակարևորը՝ պետության աջակցությունը,  ինչի հետ այդպես էլ չի կարողանում հաշտվել: