27 ապրիլ, 2015 14:56

Թուրքիան դատապարտում է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարությունները

fft81_mf2352488Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի  և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները: Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարություններով՝ քննադատելով այս երկրների ղեկավարների դիրքորոշումը 1915-ի առթիվ:

Պաշտոնական Անկարան անընդունելի և միակողմանի է համարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 23-ի ուղերձը այն համարելով միակողմանի:

«Ցավով ենք արձանագրում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 23-հայտարարությունը շատ հեռու է հայերի և թուրքերի ընդհանուր պատմական ցավալի դեպքերը արդար հիշողության հիման վրա մեկնաբալուց»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Անկարան ավելի կոշտ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հասցեին, որը ապրիլի 24-ին ժամանել էր Երևան և իր ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: «Չնայած Թուրքիայի նախազգուշացումներին և կոչերին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 1915թ. իրադարձությունները  որակել է ցեղասպանություն, ինչը  Թուրքիան մերժում և դատապարտում է»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Վկայակոչելով Ռուսաստանի Պետական դումայի՝ Ցեղասպանության մասին ընդունած բանձևերը, Թուրքիայի ԱԳՆ-ն  մեղադրել է Ռուսաստանին «հայերի միակողմանի պնդումները պաշտպանելու համար»: Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է նաև տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարօրությանը չնպաստելու համար:

Թուրքիան բավական կոշտ է արձագանքել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկի հայտարությանը, որը  1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդն անվանել է ցեղասպանություն: «Գաուկը իրավունք չունի թուրք ազգին վերագրել մի մեղք, որը նա չի գործել: Թուրք ժողովուրդը չի մոռանա և  չի ների Գաուկի խոսքերը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Անկարան շեշտել է, թե Գերմանիայի նախագահի հայտարարությունը բացասաբար կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա:

Անկարան նաև դատապարտել և մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանում արած հայտարարությունը: