28 ապրիլ, 2015 11:54

Կիլիկիո կաթողիկոսությունը Սիսի հարցով հայց է ներկայացրել Թուրքիայի ՍԴ

11203085_10153394693473714_2906922299528504838_nՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը։ Այս մասին հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը:

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով ու մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձներում հաճախակի հիշեցրել է հատուցման վրա շեշտը դնելու հրամայականը։ Այս տեսնակյունից Սիսի կաթողիկոսարանի և ապա ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածների վերադարձը կարող է կարևոր քայլ դառնալ՝ որպես մեր ժողովրդի կալվածների վերադարձը և ոտնահարված իրավունքները վերականգնելու նախաքայլ։ Ահա այս հավատքով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշեց հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան»,- ասված է մամլո դիվանի հաղորդագրությունում։

Կաթողիկոսությունը տեղեկացնում է, որ անցած երկու տարիներին վերոհիշյալ դատական հայցի նախապատրաստական աշխատանքով զբաղվել է թուրքական ու միջազգային դատավարական օրենքների մասնագետներից բաղկացած մի հանձնախումբ` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ։

Ապրիլի 29-ին Վաշինգտոնում և առաջիկայում նաև Ժնևում տեղի են ունենալու մամուլի ասուլիսներ` օտար շրջանակներին և միջազգային հանրությանը կաթողիկոսության պահանջին ծանոթացնելու նպատակով։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դեռ 2014թ. սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին էր հայտարարել, որ դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

«Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ. անտարբերությունը ազգային դավաճանություն է։ Հետևաբար, կոչված ենք 100-րդ տարելիցը բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ նշելու և այն արժևորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք կթողնեն ու նոր թափ կհաղորդեն Հայ Դատի հետապնդման աշխատանքներին»,- ասել էր նա: