29 ապրիլ, 2015 15:08

Թուրքիան որոշել է ստուգել Ղրիմի թաթարների դրությունը. Կոմերսանտ

Crimean Tatars Turkey2Անկարայի և Մոսկվայի միջև վերջին լարվածության ֆոնին Թուրքիան որոշել է ստուգել Ղրիմի թաթարների դրությունը, և այդ նպատակով ոչ պաշտոնական պատվիրակություն է ուղարկել թերակղզի, գրել է ռուսական «Կոմերսանտը» պարբերականը:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան կոչ է արել հիշել Ղրիմի մասին:

«Էրդողանի կոշտ հռետորաբանությունը թերևս ուղղված է ներքին լսարանին, և Անկարան մտադիր չէ սրել հակամարտությունը: Այդ մասին, մասնավորապես, վկայում է փաստը, որ թուրքական կողմը, «Կոմերսանտի» տվյալներով, չի պատրաստվում չեղյալ հայտարարել մայիսի կեսին Անթալիայում կայանալիք՝ ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը»,- գրել է պարբերականը:

Ինչպես գրել է թերթը, թեև Երևանում Պուտինն իր ելույթում միայն մեկ անգամ է գործածել «ցեղասպանություն» եզրը, այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել՝ խորհուրդ տալով Ռուսաստանին նայել սեփական պատմությանը, որում քիչ չեն դրվագները, որոնք կարելի է որպես ցեղասպանություն որակել: Պուտինի ելույթից հետո օրեր անց Էրդողանը հայտարարել է, որ Երևանում ՌԴ նախագահի ելույթը իրեն շատ է «տխրեցրել». նա խորհուրդ է տվել հիշել Ղրիմի մասին՝ հույս հայտնելով, որ տեղի ունեցածը չի ազդի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վրա:

Եվ չնայած Մոսկվայից հնչած հաշտողական պատասխանին [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Անկարայի հայտարարությունները, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ – ՍիվիլՆեթ]` Թուրքիան որոշեց պատվիրակություն ուղարկել Ղրիմ:

Թուրք իրավապաշտպանների այցը թերակղզի երկար ժամանակ հետաձգվում էր. թուրքական կողմը պնդում էր, որ պատվիրակությունը Ղրիմ մեկնի Ուկրաինայի տարածքով: Դրան կտրականապես չէր համաձայնում Մոսկվան: Արդյունքում Անկարան զիջել է, և պատվիրակությունը Ղրիմ է մեկնել Ռուսաստանի տարածքով: