30 ապրիլ, 2015 14:09

Էրդողանը ծաղրեց, շփացավ և չարացավ 2015-ին. «Ակօսի» խմբագիր

cropped_content_agos-gazetesi-genel-yayin-yonetmeni-yetvart-danzikyan-davutoglunun-soylemi-erdogandan-bir-iki-adim-ileri_0AN4386z5j4DFs0 «Ակօսի» գլխավոր խմբագիր Եդուարդ Տանձիկյան

«Ակօսի» գլխավոր խմբագիր Եդուարդ Տանձիկյանը հոդված է գրել՝ ամփոփելով Թուրքիայի ներկա կառավարության և, հատկապես, վարչապետ Էրդողանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Լավ դիմադրեցիր: Բռավո՛:  Միանգամից տվեցիր Սփյուռքի և Հայաստանի 100 տարի բարձրացրած հարցերի արժանի պատասխանը: Նրանց չթողեցիր աչք թարթեն և խոսքը բերանները թողիր: Ոչ մի միլիմետր չշեղվեցիր քո գծից, էս մի փորձանքից էլ ազատվեցիր:

Ասացիր՝ մի ականջից մտնում, մյուսից դուրս է  գալիս, ասացիր՝ կարող ենք հայաստանցիներին դեպորտ անել, բայց չենք անում, ասացիր՝ ինչ խնդիրներ կան՝  բարձրաձայնեք տեսնենք,  ասացիր՝ ընդհանուր ցավ, ասացիր՝ արդար հիշողություն,  ասացիր՝ իմանալով ու ուզենալով չէ, որ Ցեղասպանություն ենք արել, ասացիր՝ տեղահանել ենք, բայց հարցրեք՝ ինչու ենք այդպես արել, ասացիր՝ հայերը հարյուր հազարավոր մուսուլմանների արյունն են թափել, դրա համար ենք տեղահանել, ասացիր՝ Ստամբուլի ամենահարուստ մարդիկ հայերն են:

Հնարավոր ամեն ինչ ասացիր: Դե՝ Դարդանելի միջոցառումներն ապրիլի 24-ին նշելն ավելի վաղ էիր արել: Բայց դա էլ հերիք չէր, վերջում ասացիր նաև՝ «ապրիլի 24-ին հայերն իրենք իրենց կերգեն ու կպարեն»:

Մյուս կողմից՝ երկար-բարակ ցավակցական ուղերձներ ես գրել: Շնորհակալություն, լավ լինես, սակայն այնպիսի ցավակցական ուղերձ էիր գրել, որ քիչ էր մնացել մենք ներողություն խնդրեինք, էդ էլ հերիք չէր, միաժամանակ մեծահոգություն ցուցաբերելով, մեզ սովորեցրել ես, թե ինչպես կարող ենք մեր պապերի ու տատերի  տառապանքը հիշել:

Ասացիր ՝ «այդ օրը շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին հարգել օսմանյան հայերի հիշատակը», ասացիր՝ «մենք համոզված ենք՝ երբ պատմությունն այլևս չի շահարկվում քաղաքական նպատակների համար, հնարավոր է հասնել հասուն և բարոյապես առողջ արդյունքի», սակայն կանգ չառար ու սահմանեցիր, թե որն է հասուն ու բարոյական մոտեցումը: Ասացիր՝ «ընդհանրացումների միջոցով ամբողջ մեղքը դնել թուրք ազգի վրա և ամեն ինչ հավասարեցնել մեկ բառի (ցեղասպանություն)՝ այն զուգակցելով ատելության քարոզի հետ՝ խնդրահարույց է թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով»:

Ցավակցական ուղերձով ամեն ինչ խճճեցիր ու բարդացրիր,  չպահեցիր ցավակցության ոճը, կարգն ու կանոնը, մյուս կողմից էլ Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմակերպած պատարագին ներկայացուցիչ ուղարկեցիր, այնտեղ էլ ասացիր՝ այն, ինչ եղել է, իմն է: Անում ես այն, ինչ միշտ ես արել՝  խաղարկում ես ձեռքիդ տակ եղած ամեն ինչ:

Ի՞նչ ասենք՝ բռավո՛, հաջողեցիր: Ցեղապանության 100-րդ տարելիցից անվնաս դուրս եկար, շատ էիր, է՜, անհանգստացել: Հայտնի է՝ այս ու այն կողմից եկող ճնշումների դեմ պայման էիր դրել, որ անարձագանք էիր թողնելու: Նաև չեղան քո սպասած խորը հակազդեցությունը և սուր քննադատությունները Հայաստանից և Սփյուռքից:  Սակայն կրկին անհանգիստ էիր: Անհանգիստ էիր՝ եթե բոլորը Հայաստան գնան, ու դու այստեղ մենակ մնաս, ի՞նչ ես անելու: Իսկ եթե որևէ մեկը, Աստված չանի, ասի այդ բառը, այդ ժամանակ ի՞նչ կլինի:

Ինչևէ,  մի կողմ եմ թողնում հայտարարությունները: Խոսքերն արդեն ասված են, հետ բերելն անհնար է: Ինձ հետաքրքրում է միայն, թե ինչի համար էր այդ ամենը: Ցեղասպանություն ասացին՝ ա՞յդ պատճառով: Եթե Ցեղասպանություն չի եղել,  ինչո՞ւ մտար նման հաշվարկված խելագարության մեջ: Ամենակարևորը՝ ինչո՞ւ ես այդ չարիքը գործողների ու քո միջև այդքան ամուր կապ ստեղծում: Ոչ ոք տեղի ունեցածը չի վերագրում մեկ ազգի, ոչ ոք այն չի վերագրում կրոնին:  Փորձում են այդ տարի և հետագայում տեղի ունեցածի արդյունքներին ու հետևանքներին մեկ անուն տալ: Փորձում են հաշվի նստել ու առերեսվել այդ չարիքի հետ: Խոսում են նաև այն մասին, թե ինչու այդ չարիքի պատճառ դարձած մտածողությունը մշտապես քեզնից վանել, սակայն այդ հարցում տեր ես կանգնում դրան:  Ի՞նչն է միավորում քեզ այդ ամենի հետ:

Այս հաշվարկած  խելացնորությունը ուզած-չուզած ինձ մտորումների գիրկն է գցում:  Լավ, դու ինքդ գո՞հ ես արդյունքներից:  Գո՞հ ես, որ հայերն այս երկրում ընդամենը մեկ բուռ են մնացել ու այնքան քիչ են, որ նրանց ներկայացուցիչները ստիպված քեզ հետ լավ հարաբերություններ են հաստատում: Դժվար է, չէ՞, հակառակը մտածել: Որովհետև,  եթե այդ «բանը» տեղի չունենար, այսօր այս երկրում լինելու էին հազարավոր եկեղեցիներ, հազարավոր դպրոցներ և միլիոնավոր հայեր: Եթե այդ «բանը» տեղի չունենար, այդքան գույք էլ չէր բռնագրավվի, թուրքական տնտեսությունն էլ գուցե այդքան ազգայնացված չէր լինի:

Դրա համար՝  շնորհավորում ենք ձեզ: Լավ, ես էլ չէի սպասում, որ այս տարի կընդունեք տեղի ունեցածը, սակայն կարելի էր մի տեղից սկսել ու առաջ ընթանալ:  Կարող էինք սկսել խոսել այն մասին, թե 100 տարի առաջ ինչ է արվել այս հողերում ապրող հայերի հետ,  կարող էինք ուսումնասիրել պետության կողմից հայերի դեմ թշնամություն սերմանելու արմատները, կարող էինք ուղիներ մտածել՝ ինչպես անել,  որ արդեն 100 տարի այս երկրում  անհանգիստ վիճակում ապրող և նույնիսկ սեփական անունն արտաբերելուց վախեցող հայերը վերջապես խոսեն: Կարճ ասած՝ վերքերը բուժելու կամ միմյանց բուժելու համար կարող էինք ճանապարհներ որոնել:

Չարեցիր: 100-րդ տարում կտրուկ շրջադարձի փոխարեն նախընտրեցիր ամուր և պինդ փարվել պաշտոնական տեսակետին, նույնիսկ չհանգստացար այդքանով՝ դուրս եկար բոլոր սահմաններից, սկսեցիր ծաղրել, շփանալ ու ցույց տվեցիր չարության հազար ու մի օրինակ:

Արդեն լսել էիր, որ Օբաման չի ասելու այդ «բանը»: Քեզ համար լավ լուր էր: Ինչևէ, այս անգամ էլ լավ դիմադրեցիր, բռավո՛ քեզ: