4 մայիս, 2015 13:01

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները` ազատության մեջ (թարմացված)

UntitledՔիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկան «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Ավելի վաղ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս էին եկել «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, նախաձեռնության քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և նախաձեռնության անդամ Պավել Մանուկյանը:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` նրանք նշել էին, որ թեև ձերբակալությունից հետո տեղեկատվություն քիչ են ունեցել, և այժմ չեն կարող ասել, թե ինչ են անելու, մի հարցում հաստատկամ են` շարունակելու են պայքարը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ասել էին, որ իրենց վիճակը նորմալ է. ներսում իրենց լավ են վերաբերվել, և որևէ խնդիր իրենք չեն ունեցել: Նրանք նաև շնորհակալություն էին հայտնել լրագրողներին աջակցության համար:

Մայիսի 4-ին` ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի, փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի, նախաձեռնության քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, անդամներ Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նրանք ազատ են արձակվելու:

***

«Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել : Նրանցից չորսը՝ նախաձեռնության փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, նախաձեռնության քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, անդամներ Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախաձեռնության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը:

Հարուցվել էր նաև քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակներում իրականացվել էին նաև քննչական գործողություններ, առգրավվել էին իրեր:

Ապրիլի 9-ին դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք էր սահմանել Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ:

Արամ Հակոբյանը, որը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, 500 հազ. դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հիմնադիր խորհրդարանը» իր անդամների կալանավորումը համարել էր քաղաքական հետապդնում: