6 մայիս, 2015 13:29

Արտագնա աշխատողներին հարկելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Աղքատության ցուցանիշի կրճատմանը նպաստել է նաև արտագաղթը։ Կառավարությունն առաջարկում է 13 տոկոս եկամտահարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ:

Մայիսի 6-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ձայների 64 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 51 ձայն:

Կառավարությունը «Եկամտային հարկի մասին» օրենքով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Ըստ կառավարության՝ դրա նպատակն է խթանել շինաշխատանքների արտահանումը ՀՀ-ից և ստեղծել մեխանզիմներ, որ արտագնա աշխատանքներ իրակնացնող ՀՀ քաղաքացիները ստանան օրինական ձևակերպում, և նրանց եկամուտներից ստացված հարկերն ուղղորդվեն ՀՀ բյուջե:

«Շահութահարկի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով 5 տոկոս շահութահարկ կսահմանվի այն գործատուների համար, որոնց ծրագրերը հավանության կարժանան կառավարության կողմից:

Մայիսի 6-ի նիստին խմբակցությունները վարման կարգի վերաբերյալ հանդես եկան հայտարարությամբ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց կառավարությանը հետ կանգնել օրենքի այս փոփոխությունից: «Սա խուլիգանություն է: Այս օրենքով դուք ասում եք, որ հա´յ ժողովուրդ, դուք ոչ միայն Եվրամիությունում տեղ չունեք, այլև ԵՏՄ-ում»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ օրենքով կառավարությունը խթանում է երկրից հեռացողների թիվը: «Սրանից հետո ավելի շատ են գնալու ու ընդմիշտ: Ավելին` սա նաև դուր չի գա ԵՏՄ անդամ պետություններին: Եվ մի մոռացեք, որ գոյություն ունի ԵՏՄ դատարան: Հե´տ կանչեք, թե չէ կփոշմանեք»,- ասաց Բագրատյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միաքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ նախորդ նիստի ժամանակ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները. «Դուք չեք ներկայացրել՝ որքան արտագնա աշխատող կա, որքան է լինելու բյուջեի մուտքերի ավելացումը, ինչ ռիսկեր են պարունակում այս փոփոխությունները»: Մելքումյանը հավելեց, որ եթե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ստանան այս հարցերի պատասխանները, գուցե վերանայեն իրենց մոտեցումը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ին կոչ արեց ցուցաբերել արժանապատվություն և դեմ քվեարկել փոփոխությունների փաթեթին: «Հինգշաբթի մենք ունեինք այլ օրենքի նախագիծ, և որևէ հրապարակում չի եղել այս օրենքի վերաբերյալ: Վերջին օրով բերել եք` չտալով հնարավորություն քննարկելու, վերլուծելու, հասկանալու: Չեք տվել ո´չ հիմնավորումներ, ո´չ տեղեկանք: Որպես ԱԺ պատգամավորներ` ցուցաբերե´ք արժանապատվություն և մերժե´ք կառավարության այս վերաբերմունքը»,- հայտարարեց նա: Զուրաբյանի այս կոչին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Արժանապատվությունից քի´չ խոսեք»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ օրենքի փոփոխությունը ոչ միայն վատը չէ, այլև լավն է: «Օրինագիծը աղավաղված է ներկայացվել, հատկապես լրատվամիջոցներում և նաև առանձին անձանց կողմից, որոնք միտված են վատը տեսնելու: Իհարկե, նախագծերում կան թերություններ, որոնք պետք է լրացվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում»,- նշեց Մինասյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարելու, և դա պայամանավորված է կառավարության ցուցաբերած վարքագծով: «Խնդիրը քաղաքական շեշտադրումները չեն, այլ ոճը, որով աշխատում է կառավարությունը»,- ասաց նա:

Նախագծերի փաթեթին դեմ քվեարկեց նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը: