13 մայիս, 2015 15:29

Գործարկվել է Հայաստանում ամենախոշոր արևային ջրատաքացուցիչը

solar panel, shtigenԳորիսի «Դիանա» հյուրանոցում գործարկվել է Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը: Արևային ջրատաքացուցիչը, որը տեղադրել է «Շտիգեն» ընկերությունը, բաղկացած է 1900 վակուումային և ապահովում է 185 խմ լողավազանի և 40 հյուրանոցային սենյակների համար տաք ջուր:

«Շտիգեն» ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ արևային էներգետիկան հսկայական ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված երկրի բնակլիմայական պայմաններով: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ անկախ օդի ջերմաստիճանից, միայն երկնքում պետք է տեսանելի լինի արևը:

Ընկերության նպատակն է էներգետիկայի լուծումները Հայաստանում հասանելի դարձնել ընտանիքներին, բիզնեսին և հանրային հատվածին: «Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում նմանատիպ նախագծերի  իրականացմանը. այնտեղ բարեկեցությունն ավելի ցածր է, իսկ խնդիրներն ավելի սուր ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար: «Դիանա»  հյուրանոցի օրինակը յուրահատուկ է նրանով, որ ֆինանսավորվել է մեր գործընկեր «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության կողմից: Ներկա պահին սա ամենախոշոր նման նախագիծն է Հայաստանում: Մենք վստահ ենք, որ այն միակը չի լինի», - նշել է «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ընկերությունը առանձնահատուկ կարևորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներին և գործարկել է «Կանաչ լիզինգ» ենթաբրենդը: «Մենք կարևորում ենք ուղղությունը ինչպես բիզնեսում արդյունավետության բարձրացման, այնպես էլ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից և շարունակելու ենք այս ուղղությամբ «Շտիգեն» ընկերության հետ սերտ համագործակցությունը», -ասել է նա:

Արևային ջրատաքացուցիչների մասին ՍիվիլՆեթի տեսանյութը այստեղ: