Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվում է ջրից, գազից և ուրանից, այսինքն՝ ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի և Մեծամորի ատոմակայանի կողմից: Այս ընթացքում ո՛չ գետերի ջուրն է թանկացել, ո՛չ Ռուսաստանից ներկրվող գազը, ո՛չ էլ ուրանը: Բայց էլեկտրաէներգիան պետք է թանկանա:
Դու պետություն ես: Հանրային նշանակություն ունեցող քո կարևորագույն ակտիվներից մեկը վաճառում ես օտարերկրյա ընկերության: Օտարերկրյա ընկերությունը երկար տարիներ աշխատում է, և մի օր պարզվում է, որ արդյունավետ չի աշխատել, պարտքեր է կուտակել, գողություններ են եղել, և հանրությանը մատակարարվող իր ապրանքի գինը պետք է բարձրացնի՝ որպես ստեղծված իրավիճակից ելք: Դու էլ՝ որպես պետություն, սկսում ես հիմնավորել, որ ելքը ստեղծված իրավիճակից իսկապես այդ ընկերության ապրանքի թանկացումն է, և դու ոչինչ չես կարող անել: Արդյունքում ընկերության ոչ արդյունավետ [ապաշնորհ] կառավարման պատասխանատվությունն ընկնում է քո յուրաքանչյուր քաղաքացու, բնակչի և բիզնեսի վրա:
Սա մոտավորապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) հետ կապված պատմությունն է: Այս ընկերությունն առաջարկում է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32 դրամից՝ 49 դրամ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր (մայիսի 13) ասուլիս է արել ու հայտարարել, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը իրենցից կախված չէ, իսկ թանկացման պատճառներից մեկն էլ ՀԷՑ-ի վատ կառավարումն է ու համակարգում առկա գողությունը: Ամենակարևորը՝ Զախարյանի կարծիքով ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը հիմնավոր է:
Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվում է ջրից, գազից և ուրանից, այսինքն՝ ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի և Մեծամորի ատոմակայանի կողմից: Այս ընթացքում ո՛չ գետերի ջուրն է թանկացել, ո՛չ Ռուսաստանից ներկրվող գազը, ո՛չ էլ ուրանը:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է գնել որևէ պետական ակտիվ, անարդյուանվետ կառավարել, գողություններ հանդուրժել (կամ անել), հետո այդ ամենը բերել ՀՀ քաղաքացու քթից:
Նույն հաջողությամբ հնարավոր է, որ մեկ այլ համակարգաստեղծ ընկերություն, ասենք՝ «Գազպրոմ Արմենիան», որոշ ժամանակ հետո հայտարարի, որ վարկեր ու պարտքեր ունի, որ անարդյունավետ է կառավարվել, որ գողություններ են եղել, հետևապես պետք է սպառողներին մատակարարվող գազը թանկանա:
Նույնը կարող է անել «Երևան ջուր» ընկերությունը կամ հանրային ծառայություն մատուցող որևէ այլ ընկերություն:
Այս ընկերություններն իհարկե իրավունք ունեն իրենց ծառայությունների սակագները բարձրացնելու առաջարկությամբ հանդես գալ: Պետությունն էլ պարտավոր է քննարկել այդ առաջարկները:
Բայց ՀԷՑ-ի դեպքում ակնհայտորեն խնդիրը ոչ թե առաջարկությամբ հանդես գալն է, այլ Հայաստանի պետության կողմից այդ առաջարկությունը հիմնավոր համարելը: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ուր էին/են իրավապահ մարմինները, երբ գողություն էր կատարվում. կառավարության տրամաբանությամբ այսօր ստացվում է, որ ցանկացած մեծ գողության համար պետք է վճարի սովորական քաղաքացին:
Մոտավորապես այսպես՝ գողանում եք դուք, վճարում ենք մենք: