14 մայիս, 2015 13:23

Հալեպում վիճակը օրհասական է, ո՞ւր է ձեր պլան Բ-ն

aleppo-syria Միանշանակ է, որ Հալեպը եղել է մայր գաղթօջախ, որը տասնամյակներ շարունակ հայկականությամբ է սնել Սփյուռքի մյուս գաղթօջախներին: Բայց թե՛ երեք տարվա, թե՛ այսօրվա կտրվածքով նայելիս բնական հարց է ծագում՝ արդյոք ամեն գնով համայնքի պահպանման կողմնակիցները ունեի՞ն/ունե՞ն պլան B:

Հալեպի հայ համայնքի դրությունը օրհասական է: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Հալեպում մնացած հայերին սպառնում է ընդհուպ ֆիզիկական ոչնչացում: Օրինակ, ինչպես տեղեկացնում է «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությունը, վերջին օրերին Հալեպում ստեղծված կրիտիկական դրության պատճառով բազմաթիվ հայեր դիմել են «Հալեպ» հայրենակցական բարեգործական ՀԿ-ին՝ իրենց օգնելու ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս՝ դեպի Հայաստան:

Չի կարելի ասել, թե անհնար էր կանխատեսել իրադարձությունների նման ընթացքը, և մենք հանկարծակիի ենք եկել: Ի վերջո, Սիրիայում պատերազմը շարունակվում է չորս տարուց ավելի, որի ընթացքում բազմաթիվ անգամ ոչ միայն հալեպահայությունը, այլև ամբողջ սիրիահայությունը ենթարկվել է տարատեսակ վտանգների: Քեսապի դեպքերը ևս թարմ են մեր հիշողության մեջ: Բացառված չէ, որ կառավարական ուժերի թուլացման հետևանքով քեսապահայությունը կրկին վտանգի տակ հայտնվի:

Հիմա, երբ օգնության կոչեր են հնչում Սիրիայից, պարզվում է, որ ոչ միայն ՀՀ պատասխանատու պաշտոնյաններն են անպատրաստ ու անկարող օպերատիվ և արդյունավետ գործողություններ իրականացնելու, այլև համահայկական կազմակերպությունները, որոնք խաղաղ ժամանակ սիրում են խոսել հայապահպանության թեմաների մասին:

2012թ., երբ Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց, և քաղաքացիական պատերազմը սկսեց շոշափել սիրիահայերին, բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ լավագույն լուծումը սիրիահայության տարհանումն է, և պետք է բոլոր ջանքերը գործադրել, որ նրանք հանգրվանեն հայկական պետության տարածքում:

Սակայն հենց այդ ժամանակվանից սկսած Հայաստանի կառավարությունը կիսապաշտոնական դիրքորոշում ընդունեց, որ սիրիահայերի տարհանման հարցում կվարվի այնպես, ինչպես կորոշեն համայնքի ղեկավարները: Իսկ համայնքի ղեկավարները համառորեն ցանկանում են պահպանել համայնքը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններից ելնելով:

Նույն դիրքրոշումն էին որդեգրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն, Հայ հեղափոխական դաշնակությունը, համահայկական այլ կառույցներ:

Ահա թե ինչ էր հայտարարում  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը 2012թ. հուլիսին.

«Մեր մոտեցումը հետևյալն է, որ համայնքը պետք է մնա Սիրիայում. առայժմ բոլոր տեսանկյուններից ճիշտ կլինի, որ համայնքը մնա Սիրիայում, մնա կենսունակ, և փորձենք նվազագույն կորուստներով այս ամբողջից դուրս գալ: Համայնք քանդելը համեմատաբար հեշտ բան է, բայց համայնք կազմակերպելը շատ դժվար է: Այս պայմաններում կազմակերպված համայնքը պահելը շատ ավելի հեշտ է բոլոր դժվարություններով հանդերձ, քան թե խուճապի մթնոլորտ ստեղծել, աջ ու ձախ մեղադրել»:

Նմանատիպ տեսակետներ հնչում էին նաև այլ գործիչների և պաշտոնյաների կողմից:

Իհարկե, միանշանակ է, որ օրինակ՝ Հալեպը եղել է մայր գաղթօջախ, որը տասնամյակներ շարունակ հայկականությամբ է սնել Սփյուռքի մյուս գաղթօջախներին: Բայց թե՛ երեք տարվա, թե՛ այսօրվա կտրվածքով  նայելիս բնական հարց է ծագում՝ արդյոք ամեն գնով համայնքի պահպանման կողմնակիցները ունեի՞ն/ունե՞ն պլան B:

Դա հենց այն պլանն է, որն այսօր պետք է դրվեր գործողության մեջ: Ներկա պահին ակնհայտորեն ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Սիրիայի համայնքային կառույցները, ո՛չ էլ համահայկական կուսակցություններն ու կառույցները չունեն այդ պլան Բ-ն:

Համենայն դեպս, գործողության մեջ դա չի երևում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: