15 մայիս, 2015 16:48

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Լեհաստանի Սեյմում

g_imageԼեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում մայիսի 13-ին տեղի է ունեցել քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բացման խոսքով հանդես է եկել Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միրոն Սիչը: Նա, անդրադառնալով դեռևս 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին, նշել է, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում չափազանց կարևոր է Լեհաստանի Սեյմի պատգամավորների իրազեկումը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Ելույթով հանդես է եկել Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Լեհ Նիյակովսկին՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության նախապատմությունը` դրա պատմական և գիտական հիմնավորումներով և հետևանքներով:

Քննարկման ժամանակ ելույթով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և այլք: